Հուսիթները բալիստիկ հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի թագավորական պալատի ուղղությամբ

16:51 • 19.12.17

Ապստամբ հուսիթները Եմենի տարածքից բալիստիկ հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, հայտնում է ria.ru-ն՝ ապստամբների ներկայացուցիչներին հղումով:

«Հրթիռային ուժերը հայտարարել են մայրաքաղաք Էր Ռիադում Յամամա թագավորական պալատի ուղղությամբ Burkan բալիստիկ հրթիռի արձակման մասին»,-Twitter-ում գրել է «Անսար Ալլա» հուսիթական շարժման ներկայացուցիչ Մուհամադ Աբդուսալամը:

Reuters գործակալությունը հայտնել է, որ Էր Ռիադում ուժեղ պայթյուն է լսվել ու ծուխ է նկատվել: Մինչդեռ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է հուսիթների արձակած հրիթռը որսալու մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին ապստամբ հուսիթները կրկին հրթիռ էին արձակել Էր Ռիադի՝ այս անգամ միջազգային օդանավակայանի ուղղությամբ: Դրանից հետո՝ նոյեմբերի 30-ին, նորից բալիստիկ հրթիռ էր արձակվել: Հայտնի է, որ երկու դեպքում էլ Սաուդյան Արաբիան որսացել էր դրանք:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան ու ԱՄՆ-ն հայտարարել էին, որ հրթիռային հարձակումների հետևում կանգնած է Իրանը: Պաշտոնական Թեհրանը հերքել էր այս մեղադրանքը: