Սաակաշվիլին Պորոշենկոյին ու Յանուկովիչին համեմատել է օղու և գարեջրի հետ

09:44 • 19.12.17

Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վտանգավոր է երկրի համար, քան նրան նախորդած Վիկտոր Յանուկովիչը, գրում է СТРАНА.ua-ն:

«Պորոշենկոն ավելի վտանգավոր է, քան Յանուկովիչը: Որովհետև Յանուկովիչի դեպքում ամեն ինչ պարզ էր, իսկ Պորոշենկոն հմտորեն քողարկվում է: Նա ասում է, թե հայրենասեր է ու պայքարում է Ռուսաստանի դեմ», - հայտարարել է Սաակաշվիլին, որն Ուկրաինայի երկու նախագահներին համեմատել է ալկոհոլային խմիչքների հետ:

«Օրինակ՝ կա վիսկի կամ օղի, բոլորը գիտեն, որ եթե շատ խմես՝ վտանգավոր կլինի օրգանիզմի համար: Սակայն կա նաև գարեջուր, այն ավելի վտանգավոր է օրգանիզմի համար, քան օղին: Որովհետև մտածում ես, թե դա թեթև խմիչք է, բայց օրգանիզմը դրանից ավելի է վատանում, և դրանից հետո ուշքի գալն ամենադժվարն է», - ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել էին Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը: Ակտիվիստները կոտրել էին մուտքի դուռն ու տապալելով կառույցի ներսում գտնվող ազգային գվարդիայի դիմադրությունը՝ ներխուժել շենքի տարածք: Իրավապահները կրակմարիչներ են կիրառել ակտիվիստների դեմ: Ցուցարարները պալատից մի քանի գվարդիականի են դուրս բերել՝ ամբողջությամբ կրակմարիչի սպիտակ փրփուրով պատված: Գրոհի ընթացքում նաև 3 ուժեղ պայթյուն է հնչել:

Սաակաշվիլիին Կիևի դատարանն ազատ էր արձակել դեկտեմբերի 11-ին: