Սաակաշվիլին խոստացել է «չանհանգստացնել» ուկրաինացիներին ամանորյա տոներին
Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է չանհանգստացնել ուկրաինացիներին ամանորյա տոներին և հայտարարել է բողոքի ակցիաների ժամանակավոր դադարեցման մասին, այս մասին գրում է ուկրաինական Lb.ua պորտալը:
«Անհանգստացնել ուկրաինացիներին ամանորյա ու սուրբծննդյան տոներին անշնորհակալ գործ կլինի, ակցիաների դադարեցումը կապված է միայն դրա հետ», - հայտնել է Սաակաշվիլին:
Նա հավելել է, որ իր ու իր կողմնակիցների յուրաքանչյուր բողոքի ակցիա ուղեկցվում է տարատեսակ սադրանքներով, ըստ նրա՝ նման մի սադրանքի արդյունք են եղել նաև վերջերս Կիևի Հոկտեմբերյան պալատի մոտ տեղի ունեցած դեպքերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ուկրաինացիների մի խումբ գրոհով վերցրել է Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը: Ակտիվիստները կոտրել են մուտքի դուռն ու տապալելով կառույցի ներսում գտնվող ազգային գվարդիայի դիմադրությունը՝ ներխուժել են շենքի տարածք: Իրավապահները կրակմարիչներ են կիրառել ակտիվիստների դեմ: Ցուցարարները պալատից մի քանի գվարդիականի են դուրս բերել՝ ամբողջությամբ կրակմարիչի սպիտակ փրփուրով պատված:
Գրոհի ընթացքում նաև 3 ուժեղ պայթյուն է հնչել:
Սաակաշվիլիին Կիևի դատարանն ազատ էր արձակել դեկտեմբերի 11-ին:










