Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին. ժամկետների ու վայրի մասին հավելյալ տեղեկություն կտրվի. ՀՀ ԱԳՆ

17:08 • 20.12.17

2018թ.-ի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև նախատեսվում է հանդիպում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա նշեց, որ ժամկետների ու հանդիպման մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել էր, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ պատրաստ է բանակցել թեկուզ 2 օր, «միայն թե արդյունք լինի»:

Տիգրան Բալայանն այս առնչությամբ ասաց. «Կարծում եմ` կարիք չկա հերթական անգամ մանրամասնելու, թե ինչի պատճառով է, որ բանակցություններում արդյունք չկա: Նախարար Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը տեղի ունեցած ելույթում պարզ ասել է, բացատրել է, թե ինչու արդյունք չկա»:

Նշենք, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տվյալ ելույթում թվարկել էր 9 պատճառ, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում:

Դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը հետքայլ է կատարել և մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային հանրության կողմից ներկայացված երեք հիմնարար սկզբունքները՝ որպես հակամարտության կարգավորման հիմք:

Նալբանդյանն ասել էր, որ Ադրբեջանն ընտրողական մոտեցում է որդեգրել համանախագահների կողմից առաջարկած տարրերի նկատմամբ, բացի այդ, Բաքուն չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետ է կանգնում դրանցից, ինչպես դա տեղի ունեցավ բանակցությունների մի շարք փուլերում: