Ձերբակալությունը դատական կարգով վիճարկելու մասին սահմանումը դրական փոփոխություն է. փաստաբան
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ձերբակալությունը դատական կարգով վիճարկելու մասին սահմանումը դրական փոփոխություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
«Դա նոր սահմանադրության պահանջն է, որ ձերբակալված անձը, եթե համարում է, որ իր ձերբակալությունն ապօրինի է, այն վիճարկի դատական կարգով և եթե դատարանն ապօրինի ճանաչի ձերբակալությունը, ապա պետությունից փոխհատուցում պահանջի: Այս առումով այս փոփոխությունը դրական է»,-ասաց Սիմոնյանը:
Փաստաբանը նաև նշեց, որ ձերբակալությունների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդեն մի քանի վճիռներ է կայացրել.«Ինչպես օրինակ «Գասպար Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը, Արա Միրզախանյանի գործը: ՄԻԵԴ-ը ձերբակալության հետ կապված խախտումներ էր արձանագրել և փոխհատուցման որոշում կայացրել»:
Հարցին,թե թղթաբանության հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանա, և արդյոք օրինակ` ձերբակալության ընթացքում որոշակի ժամանակահատվածում անձը կկարողանա ունենալ բոլոր փաստաթղթերն ու դիմել դատարան, փաստաբանն ասաց, որ դա արդեն ձերբակալող մարմնի խնդիրն է:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է, որ անձը, որը ձերբակալվում է, պետք է հնարավորություն ունենա իր ձերբակալումը վիճարկել այն ժամկետում, որ մինչև իր ձերբակալման ժամկետ լրանալը ինքն ազատ արձակվելու հնարավորություն ունենա, անձը ձերբակալելը վիճարկելու համար պետք է իր տրամադրության տակ ունենա բոլոր նյութերը, և ցանկացած անձ, ով ապօրինի ձերբակալվել է, փոխհատուցման իրավունք ունի:










