Ամբողջ աշխարհի առաջ կեղծիք են անում. Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ-ում քվեարկությունների մասին (տեսանյութ)

12:28 • 20.12.17

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ապօրինի կերպով է ընդունվել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա գնահատմամբ՝ անընդունելի է այս կերպ քննարկել ու ընդունել սահմանադրական օրենքները:

«Ավելին՝ կա 2-րդ օրենք՝ Սահմանադրական դատարանի մասին: Եվ ի՞նչ է տեղի ունեցել՝ քվեարկության ժամանակ Նապոլեոն Ազիզյանը քվեարկել է և հետո հայտարարել, որ ինքն իր քվեարկությունը հանում է, քանի որ ամբողջ ֆրակցիան որոշել է, որ չի մասնակցում քվեարկությանը, իսկ հիմա Շարմազանովն ասում է, թե չի քվեարկել: Այսինքն`եթե Արփինե Հովհաննիսյանի ձայնն էլ հաշվում են, լինում է 62 ձայն, հետևաբար, դատական օրենսգիրքը չի ընդունվել: Ամբողջ աշխարհի առաջ իրենք կեղծիք են անում»,- ասաց նա:

Մարուքյանը շեշտեց, որ հեքիաթ էին իշխանության՝ Սահմանադրական փոփոխություններից առաջ տրված խոստումները, թե ՀՀ-ն դառնում է խորհրդարանական երկիր, փոքրամասնություններին ավելի մեծ հնարավորություն է տրվելու և այլն:

«Հեքիաթ էր, կեղծիք»,- շեշտեց Մարուքյանը:

Այդ ընթացքում նիստերի դահլիճից դուրս եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով չպատասխանեց հարցին, թե ինչու են իրենց մեղադրում կեղծիքի մեջ, միայն ասաց. «Թողեք աշխատեմ»:

ՀեղինակԱնի Օհանյան