25 տարի ազատազրկում. դատարանը հրապարակեց Կայարանցի Թևոսիկի եղբոր և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատավճիռը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը այսօր հրապարակեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը: Դատարանը մեղավոր ճանաչեց Իսրայել Սարգսյանին նրան առաջադրված մեղադրանքներում և դատապարտեց 25 տարի ազատազրկման:
Նշենք, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել էր Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի(Կայարանցի Թևոսիկի եղբայր) սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի դրանից` ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու պահել է ռազմամթերք:
Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսես Ներսիսյանին սպանել է Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մովսես Ներսիսյանի դին մինչ օրս չի հայտնաբերվել:
Իսրայել Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատախազը պահանջել էր 25 տարի ժամկետով ազատազրկում:










