Վիվյեն Վեսթվուդը հրաժարվել է մասնակցել Լոնդոնի Նորաձևության շաբաթվան՝ նախապատվությունը տալով թվային ցուցադրությանը

14:37 • 20.12.17

Բրիտանացի դիզայներ Վիվյեն Վեսթվուդը հրաժարվել է մասնակցել Լոնդոնի Նորաձևության շաբաթվան: Դիզայները պլանավորում է փոխարինել այն թվային ցուցադրությամբ:

Hollywood Reporter-ի հաղորդմամբ՝  Վեսթվուդի 2018 թվականի գարնանային հավաքածուի լուսանկարները և տեսահոլովակները կցուցադրվեն հունվարի 8-ի ցերեկը:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք այն պահին, երբ կկարողանանք ձեզ ցույց տալ մեր հավաքածուն: Մենք գերադասեցինք թվային ցուցադրությունն ավանդական շոուից, որպեսզի ձեզ համար ավելի հարմար լինի տեսնել մեր հագուստը և որպեսզի դուք սիրեք այն այնպես, ինչպես մենք», - ասել է Վեսթվուդը:

Նշվում է, որ 2015 թվականի աշնանն ամերիկացի դիզայներ և ռեժիսոր Թոմ Ֆորդը հրաժարվել է Լոնդոնի նորաձևության շաբաթվա ավանդական ցուցադրությունից՝ ներկայացնելով իր հավաքածուն նոր տեսքով: Նա տեսահոլովակ է նկարահանել, որի նկարահանման ժամանակ պրոֆեսիոնալ մոդելների հետ մեկտեղ մասնակցել է ամերիկացի երգչուհի Լեդի Գագան: