Բողոքի ցույցերն Իրաքյան Քրդստանի իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքն են. Իրաքի վարչապետ
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Իրաքի դաշնային իշխանությունները չեն պատրաստվում «նստել մի անկյունում ու կողքից հետևել» Իրաքյան Քրդստանում զարգացող իրադարձություններին, և հարկ եղած դեպքում կմիջամտեն, այս մասին գրում է nerinaazad.info կայքը:
Հիշեցնենք, որ նախօրեի գիշերը քուրդ ցուցարարները դուրս են եկել Էրբիլի, Սուլեյմանիայի, Հալեփչեի, Դահուքի և մի քանի այլ քաղաքների փողոցներ, այրել «Քրդստանի հայրենասերների միություն», «Քրդստանի դեմոկրատական կուսակցություն» և «Քրդստանի իսլամական հասարակություն» (Կոմելա) կուսակցությունների գլխավոր շտաբերի շենքերը:
Քուրդ բնակչությունը դժգոհ է իշխանությունների՝ իրենց աշխատավարձերը չփոխանցելու և այլ պարտավորություններ չկատարելու համար, հայտնի է, որ բողոքի ակցիաներին միացել են բազմաթիվ պետական պաշտոնյաներ:
«Հյուսիսում տեղի ունեցող բողոքի ցույցերն Իրաքյան Քրդստանի ինքնավարության իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքն են: Կենտրոնական իշխանությունների պարտքն է ամբողջ երկրի տարածքում ապահովել իր քաղաքացիների ու նրանց պատկանող գույքի անվտանգությունը: Եթե բողոքի ակցիայի մասնակիցներին վնասեն՝ մենք ռազմական միջամտություն ցույց կտանք», - ասել է Աբադին:
Նշենք, որ բողոքի ակցիաներին միջամտել են քրդական «փեշմարգայի» ուժերը, զինվորների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով գրանցվել է 90 վիրավոր, 5 մարդ մահացել է:
Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):
Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմարգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Ավելի ուշ Իրաքի գերագույն դաշնային դատարանը Քրդստանի անկախության հանրաքվեն հակասահմանադրական ճանաչելու ու դրա արդյունքները չեղարկելու որոշում է կայացրել, Քրդստանի խորհրդարանն իր հերթին հայտնել էր, որ կհարգի դատարանի որոշումը:










