Հայաստանի կողմից Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումն Անկարայի համար ոչ մի նշանակություն չունի. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում արտգործնախարարների մակարդակով կայացած Թուրքիա-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ Հայաստանի կողմից Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը ոչ մի նշանակություն չի ունենա իրենց համար, այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու հարցում ունեցել է իր նախապայմանը, որը կապված է Արցախյան հիմնախնդրի հետ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կրկին շեշտել է, որ «առանց Հայաստանի կողմից այդ նախապայմանների կատարման՝ երկու երկրների միջև երկխոսությունն անհնարին է»:
«Այդ արձանագրությունները սառեցնեք կամ չեղարկեք՝ մեզ համար ոչ մի նշանակություն չունի», - ասել է Չավուշօղլուն:
Ինչպես և սովորաբար՝ Չավուշօղլուն կրկին խոսել է «Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքների» մասին և հայտարարել, որ Թուրքիան այս հարցում Ադրբեջանի կողքին է։
Հիշեցնենք, որ օրերս, ելույթ ունենալով Հունաստանի ԱԳՆ ղեկավար կազմի առաջ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ներկայացրել էր Հայաստանի մոտեցումն արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ` նշելով.
«Մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանն արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:










