Հաջորդ տարվա ո՛չ պարարտանյութի խնդիրն է լուծվել, ո՛չ էլ դիզվառելիքի. Հրաչ Բերբերյան
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, այսօր կայացած մամուլի ասուլիսին ամփոփելով անցնող գյուղատնտեսական տարին, ասաց, որ 2017թ․ծանր էր գյուղատնտեսության համար, եղան և՛ ցրտահարություններ, և՛ երաշտ։
«Խնդիրներ ունեցանք այս տարի անասնակերի, բանջարեղենի, խաղողի արտադրության հետ։ Ծանր տարի էր, ցավոք սրտի, այն աշխատանքները, որ տարիներ առաջ պետք է կատարվեին, գյուղացին ապահովվեր այն ռեսուրսներով, որ պետք է ներդներ հողի վրա, ցավոք սրտի, չի կատարվել։ Արդյունքում ունեցանք քիչ պարարտանյութ, երաշտ»,- հայտնեց նա։
Հաջորդ տարվա համար Հրաչ Բերբերյանը մտահոգություններ ունի գյուղացուն պարարտանյութ հասցնելու հարցի հետ կապված։ Ըստ նրա՝ շուկան պետք է ազատականացվի, մրցակցային դաշտ ստեղծվի և պարարտանյութը վաճառվի խանութներում, ոչ թե կառավարության կողմից բաժանվի։ Նրա կարծիքով՝ հաջորդ տարի խնդիրներ կարող են ի հայտ գալ նաև դիզվառելիքի սուբսիդավորման հետ կապված։
«Հաջորդ տարվա համար ոչինչ չի արվել, կոնկրետ ծրագրեր պետք է մշակվեն ոլորտի զարգացումը ապահովելու համար։ Մենք այսօր պետք է պատրաստ լինեինք հաջորդ տարվան, բայց ո՛չ պարարտանյութի խնդիրն է լուծվել, ո՛չ էլ դիզվառելիքի»,- ընդգծեց նա։
Ագրարագյուղացիական միավորման նախագահի խոսքով՝ 2017–ին դրական քայլ էր հակակարկտային նոր սարքերի տեղադրումը․ «Վերջապես բերեցին նորմալ սարքեր, բայց միայն սրանով չես կարող գյուղատնտեսությունը զարգացնել»։
Հրաչ Բերբերյանը նաև անդրադարձավ ԵԱՏՄ-ում անհավասար պայմանների խնդրին։ Նրա համոզմամբ՝ ռուս ֆերմերը իր արտադրությունը կազմակերպելու համար ավելի լավ պայմաններում է, քան մեր ֆերմերները։ Այս հարցում էական նշանակություն ունեն և՛ մաքսային դրույքաչափերը, և՛ պետության կողմից աջակցությունը։ Համեմատության համար Բերբերյանը նշում է, որ ցորենի արտադրության մեկ կգ ռուս ֆերմերը ստանում է 30 դրամով, իսկ հայ ֆերմերը՝ 60 դրամով։
«Մինչև 2017թ․ վերջ արտոնություն էր տրված Հայաստանին երրորդ երկրներից սերմացու, պարարտանյութեր ներկրելու մասով։ Եվրոպայից ստանում էինք սերմեր, դա հարկերից ազատված էր, այս տարվանից մեկ տոկոս է դառնում, հաջորդ տարի 2 տոկոս, իսկ 10 տարում պետք է անցնենք 10 տոկոս հարկման։ Սա գյուղացու գրպանին է չէ՞ խփում»,- նշեց Հրաչ Բերբերյանը։
Անդրադառնալով Հայաստանում վերջերս ձիու և ավանակի մսի վաճառքի կանխմանը, նա նշեց, որ ձիու և ավանակի միս միշտ էլ եղել է, պարզապես պետք է գրել՝ «ձիու միս» և վաճառել, ոչ թե տավարի մսի անվան տակ վաճառել։
«Շատ տեղերում ընդունված է ձիու միս ուտելը, անգամ դելիկատես է։ Տավարի միսն էլ է միս, ձիու միսն էլ, ավանակինն էլ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, Խորենացի փողոցի վրա կանխել էին ձիու մսեղիքի վաճառքը։










