Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ՄԱԿ-ի ԳԱ-ում կողմ կքվեարկեն Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևին. Մամեդյարով

13:19 • 20.12.17

Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմ կքվեարկեն Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը  Բաքվում թուրք և իրանցի գործընկերների հետ կայացած եռակողմ հանդիպման ավարտին, գրում է ադրբեջանական minval.az կայքը:

«Մենք քննարկեցինք Երուսաղեմի հարցն ու դրա վերաբերյալ ԱՄՆ որոշումը: Ադրբեջանը, Իրանն ու Թուրքիան չեն կարող ընդունել Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշումը: Մենք պայմանավորվեցինք կողմ քվեարկել ՄԱԿ-ի բանաձևի նախագծին», - ասել է Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում:

Բացի այդ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ որոշումը սխալ է, և Թուրքիան աջակցում է «պաղեստինցի եղբայրներին»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստը, որում կքննարկվի Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը, կկայանա դեկտեմբերի 21-ին:

Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակը: Քվեարկության արդյունքում փաստաթուղթը 14 կողմ ձայն է ստացել: ԱՄՆ-ն`որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործել է վետոյի իր իրավունքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի սկզբին ճանաչել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հաստատել ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: