Իրաքյան Քրդստանում բողոքի ալիքի պատճառը ժողովրդի շրջանում օր օրի աճող աղքատությունն է. քուրդ լրագրող

13:55 • 20.12.17

Իրաքյան Քրդստանում լայնածավալ բողոքի ցույցերի հիմնական պատճառն ինքնավարության տարածքում առկա տնտեսական ճգնաժամն ու ժողովրդի շրջանում օր օրի աճող աղքատությունն են։ Այս մասին gazeteduvar.com.tr կայքի հետ զրույցում հայտնել է Քրդստանի Սուլեյմանիա քաղաքում իրադարձություններին հետևող տեղի քուրդ լրագրողներից Նեջմեթթին Սալազը:

«Քրդստանը տնտեսական ճգնաժամի երրորդ տարին է ապրում, աշխատավարձերը չեն վճարվում, ներդրումներն ու շինարարությունը կանգ են առել, ավտոճանապարհների կառուցումը հետաձգվել է: Սոցիալական այս պայթյունը նշանակում է, որ պահուստային ամեն բան սպառվել է: Օրինակ՝ մարդը մի մեքենա ուներ, վաճառեց, գումարը ծախսեց: Տուն ուներ՝ դա էլ վաճառեց ու ծախսեց: Հիմա վաճառելու բան չի մնացել և դրա հետ մեկտեղ՝ Քրդստանի կառավարությունն իրավիճակի լուծման համար ոչինչ չի առաջարկում»,- պատմում է լրագրողը:

Ըստ լրագրողի՝ ստեղծված ծանր վիճակի համար պատասխանատու են Քրդստանում կառավարության կազմի մեջ մտնող բոլոր 4 կուսակցությունները:

Հիշեցնենք, որ նախօրեի գիշերը քուրդ ցուցարարները դուրս են եկել Էրբիլի, Սուլեյմանիայի, Հալեփչեի, Դահուքի և մի քանի այլ քաղաքների փողոցներ, այրել «Քրդստանի հայրենասերների միություն», «Քրդստանի դեմոկրատական կուսակցություն» և «Քրդստանի իսլամական հասարակություն» (Կոմելա) կուսակցությունների գլխավոր շտաբերի շենքերը: Բողոքի ակցիաներին միջամտել են քրդական «փեշմարգայի» ուժերը, զինվորների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով գրանցվել է 90 վիրավոր, 5 մարդ մահացել է:

Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):

Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմարգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:

Ավելի ուշ Իրաքի գերագույն դաշնային դատարանը Քրդստանի անկախության հանրաքվեն հակասահմանադրական ճանաչելու ու դրա արդյունքները չեղարկելու որոշում է կայացրել, Քրդստանի խորհրդարանն իր հերթին հայտնել էր, որ կհարգի դատարանի որոշումը: