Սիրիական խնդրի քաղաքական լուծումը բխում է Լիբանանի և Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների շահերից. Մոգերինի

10:23 • 20.12.17

Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երկրի նախագահ Միշել Աունի և վարչապետ Սաադ Հարիրիի հետ անցկացրած բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ սիրիական հարցի քաղաքական լուծումը բխում է նաև Լիբանանի և Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների շահերից: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:

Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն ձգտում է, որպեսզի Սիրիայում հնարավորինս արագ անցում կատարվի ռազմական գործողություններից քաղաքական գործընթացի մեկնարկին:

«Որպեսզի մենք կարողանանք սկսել պլանավորել մեր մասնակցությունն այդ երկրի հետպատերազմյան վերակառուցման գործընթացին, Սիրիայում հակամարտող կողմերը պետք է քաղաքական փոխզիջման հասնեն Ժնևում», - ասել է ԵՄ պաշտոնյան:

Իր հերթին, Լիբանանի նախագահը շեշտել է իրենց երկրում ապաստանած սիրիացի ներգաղթյալների՝ աստիճանաբար հայրենիք վերադարձը կազմակերպելու անհրաժեշտության մասին՝ չկապելով այդ հարցը հիմնախնդրի քաղաքական հանգուցալուծման հետ, որն, ըստ Աունի, մոտ ապագայում չի լինի:

Մոգերինին խոստացել է, որ 2018 թվականի ապրիլին Բրյուսելում ծրագրված միջազգային դոնորային համաժողովի ժամանակ եվրոպական երկրներն ակտիվ մասնակցություն կունենան դրան և աջակցություն ցույց կտան Լիբանանին, ինչպես նաև այլ երկրների, որոնք ընդունել են մեծ թվով սիրիացի ներգաղթյալների:

«Իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ, և ես կարծում եմ, որ ներգաղթյալների ապահով վերադաձի համար դեռ ժամանակը չէ», - ասել է Մոգերինին: