Յուրի Ավագյանի ինքնազգացողությունը լավ է, նա վերադարձել է հացադուլին

10:32 • 20.12.17

Երեկ երեկոյան ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլ իրականացնող «Հանուն գիտության զարգացման» շարժման անդամ Յուրի Ավագյանի ինքնազգացողությունը հիմա լավ է, նա վերադարձել է համալսարան և շարունակում է հացադուլը այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Դավիթ Պետրոսյանը:

Tert.am-ի հետ զրուցեց նաև Յուրի Ավագյանը, ով ասաց, որ բուժհաստատությունում մնացել է  երկու ժամ, հետազոտություններն անցնելուց հետո որոշել է վերադառնալ: Ի սկզբանե բժիշկները նրա մոտ կասկածել են թոքաբորբ, բայց հետազոտություններով հերքվել է:

«Ինքնազգացողությունս  լավ է: Երեկ էլ գանգատներ չունեի, չափեցին սատուրացիան ցածր էր, կասկածեցին որ ինչ-որ թոքային հիվանդություն կա, դրա համար ես էլ նախընտրեցի ստուգվել ու գալ: Բժիշկներն առաջարկել են ներարկումներ անել, ես մերժել եմ»,- ասաց Յուրի Ավագյանը:

Tert.am-ի դիտարկմանը, թե երեկ ևս չեն եղել բուհի ղեկավարության կամ պաշտոնական այլ մարմիններից հացադուլը դադարեցնելու կոչեր, Յուրի Ավագյանը նշեց. «Հիմնականում շրջապատի, ընկերների կողմից են հորդորները, իսկ համալսարանի ղեկավարությունը միայն անվտանգության աշխատակիցների միջոցով է հորդորել դադարեցնել հացադուլը, բայց այս պահին մտադրություն չունենք դադարեցնելու»,- ասաց Յուրի Ավագյանը:

Խոսելով հետագա քայլերի մասին՝ Յուրի Ավագյանը նշեց, որ ինքը և Դավիթը պայքարը շարունակելու են հացադուլի միջոցով, իսկ թե ինչ կորոշեն դրսում իրենց համախոհները, դեռ չգիտեն: Համախոհների շարքերն, ըստ նրա, այս ընթացքում չեն նոսրացել: