Հայաստանն արդեն իսկ հայտնել է Երուսաղեմի կարգավիճակի մասին իր դիրքորոշումը և այն անփոփոխ է. Տիգրան Բալայանը` ՄԱԿ–ում Հայաստանի «կողմ» քվեարկության մասին
Հայաստանն արդեն իսկ հայտնել է Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը և այն մնացել է անփոփոխ. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու մասին ԱՄՆ-ի որոշումը չընդունող բանաձևին Հայաստանի` «կողմ» քվեարկությանը:
«Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելապաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար»,-ասաց Տիգրան Բալայանը:
Նա հիշեցրեց, որ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է:
«Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին։ Նկատի ունենալով Երուսաղեմի վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված դիրքորոշումները` ընդունում ենք, որ դրանք չեն կանխոշորում բանակցությունների միջոցով Երուսաղեմի վերջնական կարգավիճակի սահմանումը»,-նշեց Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու շուրջ ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Տոգոն։ Բանաձևին կողմ քվեարկած պետությունների թվում է նաև Հայաստանը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ֆինօգնությունը այն երկրներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևին:
Ընդունված փաստաթղթի համաձայն՝ «ցանկացած գործողություն և որոշում, որը նախատեսում է Երուսաղեմի կարգավիճակի փոփոխություն, իրավաբանական ուժ չի ունենա և պետք է չեղարկվի»:
Բանաձևը պահանջում է նաև, որ բոլոր պետությունները չճանաչեն այնպիսի միջոցներ և որոշումներ, որոնք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:










