Աջ ղեկով ավտոմեքենաների վարորդները ավտոերթով շարժվում են դեպի Տրանսպորտի նախարարություն. պահանջում են հետ կանչել վիճահարույց նախագիծը
Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի դեմ այս պահին բողոքի ցույց է ընթանում Երևանում: Աջ ղեկով մեքենաների վարորդները ավտոերթ են իրականացնում՝ Երևանի հարավ–արևմտյան թաղամասից շարժվելով դեպի Տրանսպորտի և կապի նախարարություն:
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները նշում են, որ իրենց համար հիմնավոր չէ նման ավտոմեքենաների ներմուծման արգելքը:
Ըստ վարորդների` իշխանությունների բերած հիմնավորումը, թե աջ ղեկով մեքենաները դառնում են ճանապարհային պատահարների պատճառ, հիմնավորված չէ:
Ավտոերթի մեկնարկից առաջ Ճանապարհային ոստիկանության ծառայողները մասնակիցներին զգուշացրել են, որ բոլոր խախտումները ամրագրվելու են և հորդորել է երթն անցկացնել՝ հնարավորինս պահպանելով երթևեկության կանոնները:
Նրանք նշել են նաև, որ տրանսպորտի նախարարությանն են ուզում փոխանցել իրենց առաջարկները և պահանջում են չեղարկել այս որոշումը:
«Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Շշուկներ կան, որ նախարարը ցանկություն է հայտնել հանդիպել «Աջ ղեկ» նախաձեռնության անդամների հետ: Մենք որոշել ենք գնալ: Կներկայացնենք մեր առաջարկները միայն այն դեպքում, երբ նախագիծն այս տեսքով հետ կանչվի»:










