Ըմբոստ դասախոսները, որոնք համարձակվել են մատնանշել խնդիրները, համալսարանից հեռացվել են. Դավիթ Պետրոսյան
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, հացադուլ հայտարարած Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի շրջանակներում այսօր խոսեց կրթության և գիտության ոլորտի խնդիրների մասին: Նա ցավով նշեց, որ այսօր այս ոլորտի դերն արժեզրկված ու իմաստազրկված է, ինչը օգնեց, որ տարկետման վերացման սկզբունքը լեգիտիմացվի:
«Եղան այսպիսի հայտարարություններ, թե գիտություն ի՞նչ օգուտ պետք է տա, կամ այդ գիտնականներից մինչև հիմա այդ ինչ խեր ենք տեսել, թող գնան ծառայեն ու ավելի շատ օգուտ կտան: Փաստացի՝ գիտությունն ու կրթությունը հակադրեցին պաշտպանական ոլորտի հետ՝ փորձելով լեգիտիմացնել օրենքը»,- ասաց նա:
Դավիթ Պետրոսյանը խնդիրները վերլուծեց՝ տեղայնացնելով ԵՊՀ-ի վրա: Նա նկատեց, որ թեև ԵՊՀ-ն մի շարք ուսանողներ ունի, միևնույն է, մասնագետներ քիչ ունի: Նրա դիտարկմամբ՝ այս պատկերն իր օբյեկտիվ պատճառներն ունի, քանի որ ուսանողը գիտի, որ համալսարանում ստացած գիտելիք կիրառելի չէ աշխատաշուկայում, հետևաբար, չի էլ սովորում: Վերջինս օրինակ բերեց կուրսային և դիպլոմային աշխատանքների վրա՝ նկատելով, որ շատ անգամ այլ անձինք են գրում, կամ էլ բարձր կուրսերից են վերցնում:
«Բերում են այդ աշխատանքները, մարդիկ իրար հետ համաձայնության են գալիս ու ուսանողն անցնում է հաջորդ կուրս: Ո՞վ է տուժում արդյունքում՝ նույն ուսանողը: Խոսենք պրակտիկաների մասին, քանի որ մարդիկ գնում են ԱԺ, Կառավարություն և այլն, բայց որևէ գիտելիք չեն ստանում, ինչն իր ազդեցությունն է թողնում կրթության ընդհանուր մակարդակի վրա»,- նշեց Դավիթ Պետրոսյանը:
Վերջինս ավելի լուրջ խնդիրներ է տեսնում դասախոսական անձնակազմի հետ կապված: Ըստ նրա՝ ըմբոստ դասախոսները, որոնք համարձակվել են մատնանշել խնդիրները, համալսարանից հեռացվել են, բայց նրա համար այսօր հիմնական խնդիրներից է դասախոսների ցածր աշխատավարձը, ինչի պատճառով դասախոսը մոտիվացված չէ ավելի լավ կրթություն ապահովել:
«Երիտասարդ կադրերը հիմնականում լքում են բուհը, քանի որ ստանում են ավելի լավ աշխատանքներ, որևէ քայլ չի իրականացվում այդ մարդկանց պահելու համար: Թեև մենք ունենք նաև շատ լավ ուսանողներ, ցավոք սրտի, քանի որ աշխատավարձը ցածր լինելու պատճառով այսօրվա դասախոսները, գնում են այլ աշխատանքներ են անում և օբյեկտիվորեն համալսարանում իրենց աշխատանքը տուժում է»,- ընդգծեց Պետրոսյանը:
Նա դժգոհություններ ունի նաև ուսխորհուրդների հետ կապված, քանի որ գտնում է, որ ուսխորհուրդները դառնում են հետագայում պաշտոն ստանալու համար մի կենտրոն: Նրա խոսքով՝ այն ուսխորհուրդները, որոնք կուսակցականացված չեն, թեև կարող են հետաքրքիր բաներ անել, միևնույն է, օգտակար գործողութուն չեն անում, իսկ նրանց հիմնական նպատակն ուսանողի իրավունքների և շահերի բարձրացումն է:
«Խնդիրներ ունենք նաև դասավանդման գործընթացի հետ կապված, քանի որ ունենք մի վիճակ, որ ուսանողից չի պահանջվում վերլուծություն, այլ զուտ պահանջվում է եղած ինֆորմացիայի վերարտադրում: Այդ ինֆորմացիան լինում է ռուսական գրքերից վերցրած, արդիական ու պետքական չէ, իսկ ուսանողը միջանկյալ քննության ժամանակ զուտ արտագրում է: Սրա մասին մարդիկ չեն ուզում խոսել, որ ուսանողի կողմից ընդդիմության չարժանան, բայց մենք մեզ խաբելով վնասում ենք ինքներս մեզ»,- շարունակեց Դավիթ Պետրոսյանը:
Հացադուլ հայտարարած ուսանողը շեշտեց, որ համալսարանը քաղաքացիական հասարակության զարգացման հիմնական օջախը պետք լինի, ինչն այսօր այդպես չէ։










