Համացանցում է հայտնվել ԻՊ-ի ահաբեկիչների կողմից եգիպտացի նախարարների ուղղաթիռի հրթիռակոծման տեսանյութը
Եգիպտոսի Արիշ քաղաքի օդանավակայանում երկրի պաշտպանության նախարար Սեդքի Սոբխիի և ներքին գործերի նախարար Մագդի Աբդել Գաֆֆարայի ժամանման ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից ուղղաթիռի հրթիռակոծման տեսանյութը հայտնվել է համացանցում:
Amaq գործակալության ցուցադրած տեսանյութում երևում է, թե ինչպես են օդանավակայանից ոչ հեռու դիրքավորված ահաբեկիչները թիրախավորում ուղղաթիռն ու հրթիռի՝ նշանակետին հասնելուց հետո բղավում «Ալլահու աքբար»:
Sikorsky S-70A ուղղաթիռն ԻՊ-ականները հրթիռակոծել են Kornet հակատանկային հրթիռային համալիրի միջոցով:
Եգիպտոսի ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է փոխգնդապետ Իսմայիլ աշ Շահաբին և ուղղաթիռի երկրորդ օդաչուն, ում անունը չի ճշտվում: Բացի այդ՝ լրջորեն վնասվել է ուղղաթիռը:
Հրթիռակոծումից հետո տարածքում հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսվել, որի ընթացքում սպանվել է ԻՊ-ի 5 զինյալ: Ահաբեկիչների հետ փոխհրաձգության ժամանակ մահացել է նաև մայոր Վաել Մուհամմեդ Քամալը:










