Լորուտում ոսկու հանքի ուսումնասիրության ծրագիրը տապալվել է. բնակիչները դեմ են անգամ ուսումնասիրության իրականացմանը

23:01 • 22.12.17

 

Լոռու մարզի խոշորացված Թումանյան համայնքի մաս կազմող Լորուտում ոսկի որոնելու ծրագրի շուրջ դեկտեմբերի 20-ին անցկացվել է հանրային քննարկում: Բնակիչները դեմ են արտահայտվել ծրագրին և անգամ ուսումնասիրություններ կատարելուն համաձայնություն չեն տվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց խոշորացված Թումանյան համայնքի մաս կազմող Լորուտի ներկայացուցիչ Գնել Սարգսյանը:

«Ժողովրդի կարծիքի հետ ես լրիվ համաձայն եմ, ոնց ցանկանա ժողովուրդը ես իրենց կողքին նույն ձև կանգնած եմ»,- հայտնեց Գնել Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Լորուտի բնակիչները մտահոգություն ունեն, որ ուսումնասիրությունների թույլտվություն ստանալուց հետո ոչ ոք իրենց կարծիքը հաշվի չի առնի և կսկսեն շահագործել։ Այդ պատճառով է, որ նրանք չհամաձայնեցին ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելուն։

Լորուտի ներկայացուցիչը կարծիքով՝ բնակչության ընդդիմանալու պատճառներից մեկն էլ այն էր, որ ուսումնասիրություն իրականացնողները հստակ ծրագիր չէին ներկայացրել:

«Իրենք էլ չգիտեին ոնց ա, ինչ ա: Պետք է ուսումնասիրեին, եթե արդյունքները լավ լիներ, նոր կարող էին հստակ ծրագիր ներկայացնել: Հիմա ոչ մի բան չէին կարողանում ասել: Ժողովրդի խոսելուց ես այդպես հասկացա, որ առաջին հերթին իրենց հասցված վնասն են հաշվի առնում, հետո նոր աշխատատեղերի բացումը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Վիկտորիա սիլվեր» ընկերությունը Լորուտի և Մարցի 400 հեկտար անտառներում ու արոտավայրերում մետաղական հանքանյութ գտնելու նպատակով դեռ տարիներ առաջ էր դիմել Բնապահպանության նախարարություն և որոշ ուսումնասիրություններ իրականացնելու թույլտվություն ստացել։ Ընկերության տնօրեն Արմեն Գևորգյանը բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ նախատեսել են 400 հազար դոլար ծախսել գյուղի ընդերքն ուսումնասիրելու և հանքանյութի պաշարներ հայտնաբերելու համար։

Լորուտի նախկին համայնքապետ Հրաչյա Սահակյանը, որը ներկա չի եղել քննարկմանը, նշում է, որ ուսումնասիրություն իրականացնելու համաձայնությունը պետք է լիներ. «Ուսումնասիրությունն ինչ կապ ունի հանքը բացելու հետ: Դա վնաս չի տալու բնությանը, ընդամենը ուսումնասիրելու էին: Եթե կառավարությունը թույլ տվել է, հայրենիքին պետք է, թող հանքերը բացեն, ինչ է եղել: Այդքան էլ վատ տրամադրված չեմ»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ սա գյուղում նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կարող էր լինել:

Բնապահպանների համոզմամբ` Հայաստանում հանքերի շահագործման դեպքում վնասներն ավելի շատ են լինում, քան օգուտները՝ ստեղծված աշխատատեղերը: Օրինակ, մասնագետների ուսումնասիրությունների համաձայն, Թեղուտում հանքի շահագործումը մեծ վնաս է հասցրել ոչ միայն Թեղուտ գյուղի, այլ նաև հարևան Շնողի բնական միջավայրին:

Հարցին, թե նման մտավախություն չկա՞ Լորուտի հանքի շահագործման պարագայում, նախկին համայնքապետը պատասխանեց. «Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ մասշտաբի է բացվելու հանքը: Ամենակարևորն այդտեղ մենակ վնասները չէ, նաև ծրագիրը պետք է նշվի՝ թե օգուտները, թե վնասները: Կարևոր է, թե դա բնակչության ինչ է տալու, թե դա ուղղակի բացում են առանց մաքրման կայանների, այդ ամենը, որ ներկայացվի, ինձ թվում է ժողովուրդն էլ կհասկանա ինչ է պետք: Այնուամենայնիվ պետք է ուսումնասիրություններ արվեին»,- ընդգծեց Հրաչյա Սահակյանը:

Նշենք նաև, որ և՛ նախկին գյուղապետը, և՛ համայնքի ներկայիս ներկայացուցիչը փաստում են, որ Սովետական ժամանակաշրջանում այստեղ ուսումնասիրություններ արվել են, խոսակցություններ եղել են, որ կան ինչ-որ պաշարներ, բայց թե ինչու չեն շահագործել, նրանք չկարողացան պատասխանել: «Հնարավոր է ձեռնտու չի եղել, մեկն ասում է` հումքը որակով չի եղել»: