Նեապոլում տեղադրումից մեկ օր անց գողացել են ամանորյա տոնածառը

23:30 • 22.12.17

Իտալական Նեապոլ քաղաքում անհայտ անձինք զբոսաշրջիկների շրջանում մեծ տարածում գտած Ումբերտո Առաջինի պատկերասրահից գողացել են ամանորյա տոնածառը, որն այնտեղ տեղադրվել էր մեկ օր առաջ:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, տոնածառից, որի ճյուղերից մարդիկ արդեն սկսել էին ամանորյա ցանկություններով երկտողեր կախել, մնացել է միայն ծաղկամանը և մի քանի խաղալիք:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դատելով ուղիղ կտրվածքից՝ տոնածառը կարող էին հատել էլեկտրական սղոցով: Տոնածառի հետ միասին անհայտ անձինք տարել են նաև բոլոր զարդարանքները:

Ավելի վաղ Իտալիայում բուռն քննադատությունների ալիք էր բարձրացրել Հռոմի Վենետիկյան հրապարակում տեղադրված սուրբծննդյան տոնածառը, որի արժեքը կազմում է 50 000 եվրո: