Սաակաշվիլին Նիդեռլանդներ մուտք գործելու վիզա է ստացել. լրատվամիջոցներ
Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նիդեռլանդներ մեկնելու վիզա է ստացել Կիևում այդ երկրի դեսպանատնից, այս մասին տեղեկացնում է gordonua.com կայքը:
Վիզայի համար Սաակաշվիլին դիմել էր Նիդեռլանդներում գտնվող ընտանիքի հետ վերամիավորվելու հիմնավորմամբ: Քաղաքական գործիչը, որը ներկայում չունի ո՛չ վրացական, ո՛չ ուկրաինական անձնագիր, դրական պատասխան է ստացել դեսպանատնից:
Նշենք, որ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, Նիդեռլանդների և Վրաստանի քաղաքացուհի է, նրանց երեխաներն ունեն նիդեռլանդական քաղաքացիություն:
Օրեր առաջ Վրաստանի նախկին նախագահի կինը հույս էր հայտնել, որ սպասվելիք տոներն իրենց ընտանիքը կանցկացնի հենց Նիդեռլանդներում: Հարցին, թե մտադիր են արդյոք մեկնել Նիդեռլանդներ ամուսնու հետ, Ռուլոֆսը պատասխանել էր. «Չգիտեմ, նրանից է կախված»:
Ավելի վաղ Սաակաշվիլին խոստացել էր չանհանգստացնել ուկրաինացիներին ամանորյա տոներին և հայտարարել էր բողոքի ակցիաների ժամանակավոր դադարեցման մասին:
Սաակաշվիլիին Կիևի դատարանն ազատ էր արձակել դեկտեմբերի 11-ին:










