«ԱՄՆ-ն կհիշի այս օրը». Նիկի Հեյլին՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում Երուսաղեմի հարցով ընդունված որոշման մասին

11:35 • 22.12.17

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի նիստում, ասել է, որ «Միացյալ Նահանգները կհիշի այս օրը», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։


Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ֆինօգնությունը այն երկրներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևին:
 

«Այս քվեարկությունը կազդի ՄԱԿ-ի նկատմամբ ամերիկացիների վերաբերմունքի և այն երկրների նկատմամբ մեր վերաբերմունքի վրա, որոնք չեն հարգում ՄԱԿ-ում մեր որոշումները»,- ասել է նա։


Մինչդեռ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի ներկայացուցիչ Նաբիլ աբու Ռուդեյնան ողջունել է այս որոշումը՝ այն անվանելով «Պաղեստինի հաղթանակ»։


ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ԳԱ-ի որոշումը կրում է խորհրդատվական, խորհրդանշական բնույթ և ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների պարտադիր չէ իրականացման համար։


Ընդունված փաստաթղթի համաձայն՝ «ցանկացած գործողություն և որոշում, որը նախատեսում է Երուսաղեմի կարգավիճակի փոփոխություն, իրավաբանական ուժ չի ունենա և պետք է չեղարկվի»:


Բանաձևը պահանջում է նաև, որ բոլոր պետությունները չընդունեն այնպիսի միջոցներ և որոշումներ, որոնք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմի կարգավիճակի շուրջ հայտարարությամբ հանդես էր եկել դեկտեմբերի սկզբին, որից հետո զանգվածային բախումներ էին տեղի ունեցել Պաղեստինի և Իսրայելի կողմնակիցների միջև աշխարհի տարբեր երկրներում: