Իսպանիայում ծերանոցի աշխատակիցները 10 մլն եվրո են շահել վիճակախաղի արդյունքում

14:28 • 23.12.17

Իսպանիայի Կամպո Դե Կրիպտանա քաղաքի ծերանոցի աշխատակիցները մոտ 10 միլիոն եվրո են շահել սուրբծննդյան վիճակախաղի արդյունքում: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարի վարորդը՝ Հիսուս Մարտինեսը, որը կամավորական աշխատանքներ է իրականացնում հաստատությունում, դեպի Գալիսիա ուղևորության ժամանակ 30 տոմս է գնել: Տղամարդը երկու տոմս է թողել իրեն, ևս երկուսը նվիրել է իր եղբայրներին, իսկ մնացած 26 տոմսը վերավաճառել է ծերանոցի աշխատակիցներին:

Հաստատության 22 աշխատակիցներից յուրաքանչյուրը թվերի հաղթող համադրությամբ առնվազն մեկական տոմս է ունեցել: Ամեն տոմսի համար նրանք կստանան 400 հազարական եվրո (մոտ 475 հազար դոլար):

Երջանիկ հաղթողները երգել, պարել և շամպայն են խմել շինության մոտ, որում տեղակայված է ծերանոցը:

«Նրանց իսկապես պետք էր շահումը», - ասել է ծերանոցի տնօրեն Անա Մարիա Կամպոսը:

Նշվում է, որ Մարտինեսը 800 հազար եվրո է շահել: