Պետական ծրագրով կառուցված Ադոնց 6/1 շենքի շահառուները բազմաթիվ խնդիրներ ունեն կառուցապատող ընկերության հետ. հարցը հասցրել են վարչապետին
Այս պահին դեռևս լսումների և քննարկումների փուլն է, Tert.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն՝ անդրադառնալով Երևանի Ադոնցի 6/1 հասցեում պետական ծառայողների համար պետական ծրագրով կառուցված վեցմուտքանի համալիրի շահառուների ներկայացրած բողոքին:
ՏՄՊՊՀ-ն արդեն երրորդ նիստով քննարկել է տասնյակ խնդիրներ, որոնց բախվել են Ադոնցի 6/1-ում բնակարան ձեռք բերած պետծառայողները:
«Բնակիչներին հրավիրել էինք, իրենք ներկայացրին իրենց տեսակետները, ինչպես նաև կառուցապատող ընկերության ներկայացուցիչները: Այս պահին հանձնաժողովը, կարելի է ասել, քննարկումների մեջ է, դեռևս որոշում չի կայացրել, որովհետև պետք է համակողմանի ուսումնասիրություն կատարվի: Նկատի ունենալով, որ բնակիչները շատ են, խնդիրը արդիական է, հանձնաժողովի նախագահի հանձնարարականով հնարավորինս սեղմ ժամկետներ են դրված ուսումնասիրությունն ավարտելու համար: Այս պահին գործը գտնվում է մեր վարույթում, փաստերի ուսումնասիրությունից հետո կկայացանենք մեր որոշումը, որը կլինի հրապարակային», -ասաց Գայանե Սահակյանը:
Կառուցապատող «Միկշին» ընկերության հետ շենքի ավելի քան 300 շահառուները բազմաթիվ խնդիրներ ունեն՝ պարտադրվող սպասարկման պայմանագրեր՝ ամսական 24 հազար դրամ վճարման պայմանով, հոսանքի ենթակայանի բացակայության, տանիքի, ավտոկայանատեղիի ելքի հետ կապված խնդիրներ, Tert.am-ի հետ զրույցում ասաց շենքում բնակարանի սեփականատերերից Դիանա Տեր-Ստեփանյանը, ով մինչ օրս, ինչպես և շատերը, չի բնակվում շենքում` մի շարք խնդիրներից ելնելով:
«Ամենասկզբում խնդիրը առաջացավ նրանից, որ մենք ամառվա ամիսներին չունեինք հոսանք, մինչդեռ, ըստ կառավարության որոշման, բնակարանը պետք է մեզ հանձնվեր մարտի 1-ին հիմնական պայմանագիր կնքելու միջոցով: Հիմնական պայմանագրերի կնքումը ձգձգվեց, որովհետև այնտեղ կային չափագրման հետ կապված չարաշահումներ, այսինքն` չափագրված էր ավելին, քան բնակարանը կար: Իմ օրինակով 4 ու կես քառակուսի մետր միջինը պետք է ավելի վճարեի, ամեն քառակուսի մետրը՝ 310 հազար դրամ»,-ասաց Դիանա Տեր-Ստեփանյանը:
Նրա խոսքով` հոսանքի տրամադրման խնդրանքով բազմիցս գրավոր հարցում է ուղարկել ՀԷՑ, որտեղից էլ պատասխանել են, որ չկա ենթակայան, որտեղից ապահովվի հոսանքը: Խնդիրը լուծվել է շենքը պաշտոնական շահագործման հանձնելուց մեկ տարի անց՝ բարձրացված աղմուկից հետո:
«Այդ ընթացքում կառուցապատող ընկերությունը՝ «Միկշինը», օգտվելով առիթից, մեզ հրամցնում էր 24 հազար դրամանոց սպասարկման պայմանագրեր, որ ինքը կարող է հոսանք տալ, մինչև ՀԷՑ-ը տա, ասում էր՝ եկեք ստորագրեք այդ պայմանագիրը, մենք հրաժարվեցինք ստորագրել»,-ասաց Դիանա Տեր-Ստեփանյանը:
Բոլոր պատասխանատու մարմիններին բնակիչներն ուղարկել են իրենց գրավոր նամակները, գործին ընթացք է տրվել առայժմ միայն ՏՄՊՊՀ-ի կողմից:
Վերջին գրավոր դիմումը` բնակիչների կողմից բարձրաձայնված բոլոր խնդիրների մասին, ուղղվել է վարչապետին՝ 106 ստորագրությամբ:
«Կառավարությունից խոստացել են դեկտեմբերի 25 –ին պատասխան տալ: Մեր խնդիրները բազմաթիվ են` սկսած նրանից, որ սակագները անտանելի բարձր են տաք ջրի և ջեռուցման համար, ընդ որում` տաք ջրի արևային տաքացուցիչներ է տեղադրված տանիքում, և դա ծախսատար չէ, չի ապահովում տաքության աստիճանը, բայց մեզ վրա վաճառում են 2300 դրամով: Դա ևս վրդովմունք առաջացրեց՝ մեր տանքիում ինչու ենք տեղադրել ջրատաքացուցիչներ ու մեր վրա բարձր սակագնով վաճառում ենք տաք ջուրը, ու այդտեղից էլ առաջացավ մյուս անօրինականությունը, որ իրենք վերնահարկի անվան տակ սեփականաշնորհեցին տանիքը»,-ասաց Դիանան:
Բնակիչների հետ կոմպրոմիսի գալու խնդիր չկա, առհասարակ, Tert.am-ի հետ զրույցում ասաց կառուցապատող «Միկշին» ընկերության իրավաբան Դավիթ Կարապետյանը: Նա նշեց, որ բնակիչների բարձրաձայնած խնդիրները հիմնավորված չեն:
«Միկշին» ընկերությունը վերնահարկերում ջրատաքացուցիչները տեղադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքում: Այդ տարածքներն իսկզբանե եղել են ընկերության սեփականությունը և երբեք ընդհանուր բաժնային սեփականության մաս չեն կազմել: Ինչ վերաբերում է ջեռուցմանը, այն «Միկշին» ընկերությունը չի իրականցնում, այլ Ադոնցի 6/1 կոմունալ ՍՊ ընկերությունը, որը որևէ կապ չունի Միկշին ընկերության հետ: Իրականությանը չի համապատասխանում նաև բնակիչների այն պնդումը, որ ընկերությունն, օգտագործելով էլեկտրաէնէերգիայի մատակարաման խնդիրը, փորձել է ստիպել բնակիչներին կնքելու սպասարկման պայմանագիր՝ 24 000 ՀՀ դրամով: «Միկշին» ընկերությունը մինչև 2018թ. Մարտի 1-ը Ադոնցի 6/1 հասցեի շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների կառավարումն իրականացնում և իրականացնելու է անվճար, իսկ 2018թ. մարտի 1-ից հետո, օրենքով սահմանված կարգով, շենքի բնակիչների կողմից պետք է որոշվեն այդ սակագները»,– ասաց նա` հավելելով, որ Ադոնցի 6/1 հասցեի շենքի բնակիչների 80 տոկոսը գոհ են շենքի սպասարկումից և որևէ պահանջ կամ բողոք չունեն:
«Կոնկրետ ՏՄՊՊՀ ներկայացված վերջին բողոքը նրանց 9-ի կողմից է: Իսկ ստորագրությունները, որ հավաքվում են բոլոր բնակիչների անունից, դրանք ոչ թե բողոք ներկայացնելու համար են հավաքվում, այլ համատիրություն ստեղծելու նպատակով»,-ասաց իրավաբանը:
Մինչդեռ Դիանա Տեր–Ստեփանյանը Tert.am- ին վստահեցրեց, որ 9 հոգու ստորագրությունը ընդամենը լրացուցիչ տեղեկատվության համար ստորագրված դիմում էր՝ կցված հիմնական փաստաթղթին, որին ներքո ստորագրել է շենքի 106 բնակիչ:
Կառուցապատող ընկերությունից բնակիչների զայրույթը հարուցած` իրենց պահանջների վերանայման խնդիր չեն տեսնում, քանի որ իրավաբանի խոսքով` իրենց բոլոր գործողությունները սահմանված են օրենքով:
Բնակիչներն էլ այս պահին սպասում են պատասխան կառավարությունից:










