Չինաստանում 2-ամսական երեխայի մատը կարող են անդամահատել՝ մոր երկար մազի պատճառով

22:29 • 23.12.17

Չինաստանի Հենան նահանգում արտառոց դեպք է գրանցվել. երկու ամսական երեխայի մատը սևացել է, երբ դրա շուրջ փաթաթվել էր մոր երկար մազը:

Ինչպես գրում է Life.ru-ն, փոքրիկ տղայի հայրը նկատել է վնասված մատը, երբ հագից հանել է գուլպան: Նա անմիջապես երեխային հիվանդանոց է տեղափոխել: Բժիշկները բացատրել են, որ տղայի մոտ նեկրոզ է աշխտորոշվել՝ արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված հյուսվածքների վնասում:

Մասնագետները նախազգուշացրել են, որ երեխայի ձախ ոտքի մատը, հնարավոր է, ստիպված լինեն անդամահատել: Այդ ամենի պատճառը երկար մազն է եղել, որն, ամենայն հավանականությամբ, փոքրիկի մորն է պատկանել: Այն 10 ժամից ավելի փաթաթված մնալով մատի շուրջը, կանգնեցրել է արյան շրջանառությունը:

Այժմ երեխան գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ: Եթե արյան շրջանառությունը վերականգնվի, մատը կառողջանա: Չինացին նշել է, որ կինը տանը չի եղել, քանի որ մեկնել էր խնամելու սրտի կաթվածից հետո վերականգնվող հորը: