Արա Բաբլոյանը պարեց ու շախմատ խաղաց Գավառի մանկատան սաների հետ. նա նաև ամանորի նվերներ հանձնեց

15:57 • 23.12.17

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գավառի մանկատան սաներին հյուրընկալվեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ այցի ընթացքում նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը և մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:

Արա Բաբլոյանը շրջայց կատարեց հաստատության շենքում՝ ծանոթանալով երեխաների կենցաղային պայմաններին եւ առօրյային, ապա ամանորի նվերներ հանձնեց մանկատան 49 սանի:

ՀՀ ԱԺ նախագահը սեղանի թենիսի խաղատախտակի մոտ խաղի հրավիրեց մանկատան սաներին՝ ստուգելով երեխաների խաղային պատրաստվածությունը և ստեղծելով աշխույժ մթնոլորտ խաղասրահում: Ապա` դահլիճում, մանկատան սաների մասնակցությամբ կազմակերպվեց Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին նվիրված հանդես: Հանդես գալով բացման ու ողջույնի խոսքով՝ Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը թվարկեց այն ձեռքբերումները, որոնք հաստատությունն ունեցել է 2017 թվականի ընթացքում:

«Ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ տարվա ընթացքում մեր բոլոր սաներն ունեցել են առողջ ապրելակերպ, առանց բացթողումների անցկացրել կրթադաստիարակչական շրջանը: Վերջին 4 տարիների ընթացքում, արձագանքելով մանկատների բեռնաթափման պետական ծրագրին, մենք ընտանիքներ ենք վերադարձել 25 սանի, որոնցից 18-ը վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիքներ, մնացածները որդեգրվել են կամ վերցվել խնամատարության: Այս տարի ունեցել ենք 7 շրջանավարտ՝ 3 աղջիկ ու 4 տղա: Երեք աղջիկներից երկուսը վերադարձել են կենսաբանական ընտանիքիներ, իսկ մեկը խնամակալության է վերցվել Էջմիածնի համապատասխան հաստատությունում և ուսանում է մայրաքաղաքի պետական բժշկական քոլեջում: 4 տղաներից երկուսը 2018 թվականի հունվարին զորակոչվելու են Հայոց բանակ, որոնցից մեկն արդեն ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրում ընդգրկվելու ցանկություն է հայտնել: Մենք շատ ակնկալիքներ ունենք 2018 թվականից»,-նշեց մանկատան տնօրենը:

Ապա` մանկատան սաները պատվավոր հյուրերին ողջունեցին ամանորյա համերգային ծրագրով և թատերական ներկայացմամբ: Ծրագիրն ավարտվեց պարով, որի մեջ մանկատան սաները ներքաշեցին նաեւ ՀՀ Աժ նախագահին և մյուս հյուրերին: «Սիրելի երեխանե՛ր, բոլորիդ մաղթում եմ ամենայն բարիք, առողջություն ու երջանկություն: Թող գալիք տարին ավետի ձեր երազանքների իրականացման սկիզբը»,-հրաժեշտի խոսքերով մանկատան սաներին դիմեց Արա Բաբլոյանը: Մանկատան տնօրենի հավաստմամբ՝ մանկատան սաներն Ամանորը եւ Սուրբ Ծնունդը նշելու են տոնական բազմաբովանդակ ու հագեցած ծրագրերով: