Ձվի պահանջարկը ՀՀ-ում բավարարվել է 5.2 միլիոն ձու ներկրելով, ուստի Ամանորին պակասորդ չի լինի. Սերգեյ Ստեփանյան (տեսանյութ)

15:26 • 23.12.17

Այս տարի ձու արտադրող կազմակերպությունները, որոնք չեն կարողացել ձվի արտադրության  և ՀՀ ներքին սպառման համար ձվի արտադրության անհրաժեշտ ցուցանիշները, ՀՀ թռնչաբույծների միության նախաձեռնությամբ դիմել են կառավարությանը՝ ներկրում իրականացնելու և շուկայում պահանաջարկը բավարարելու համար: Եվ երեկ չէ առաջին օրը՝ դեկտեմբերի 21-ին ՀՀ է ներկրվել 5.2 միլիոն ձու, որը կբավարարի Ամանորին ձվի պահանջարկը:

Տվյալները այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ ասելով. «Այսօրվա վիճակը գնահատվում է նորմալ, մենք գնահատել ենք վիճակը, մնացորդը Նոր տարվա ողջ առևտուրը առանց պակասորդի կարող ենք իրականացնել»:

Նշենք, որ նոյեմբեր ամսին Հայաստանը չի կարողացել ապահովել ձվի նախատեսված քանակի արտադրությունը: Սերգեյ Ստեփանյանը, նշելով, որ, սրա համար, իհարկե, օբյեկտիվ պատճառներ կան, ավելացրեց. «Մենք նախորդ ամիսներին չկարողացանք կոմպլեկտավորել ածան հավերի արդյունաբերական հոտը: Պատճառը, հիմնականում, թռչնագրիպի կարանտինն էր, ուշ կոմպլեկտավորվեց և, բնականաբար, նոյեմբեր ամսի ռոտացիան ձգձգվեց, քանի որ մեծ գլխաքանակը աստիճանաբար շարքից դուրս եկավ, բայց փոքրը՝ վառեկները  չհասցրեցինք: Հոկտեմբերի վերջից տեղափոխվեց նոյեմբեր, ապա՝ դեկտեմբեր, և միայն հիմա ձվի արտադրության նախատեսված ծավալները կարողանում ենք ստանալ»։

Ըստ նրա՝ ձուն ողջ դեկտեմբեր ամսին արտադրվել և արտադրվելու է ավելցուկով, բայց հաշվի առնելով վերը նշված և սպառողների հնարավոր դժգոհությունը, այս տարի միությունը դիմել է նաև ձվի ներկրման:

Ինչ վերաբերում է թռչնամթերքի արտադրությանը, ապա համաձայն 2017թ. տասը ամիսների՝ թռչնամթերքի արտադրությունը նախորդ տարվա ինը ամիսների հետ համեմատած նվազում չի արձանագրել: Ավելին՝ թռչնամսի արտադրությունն ավելացել է նույն՝ նախորդ տարվա հետ համեմատության ցուցանիշներով:

«Եթե նկատել եք՝ թռչնամթերքը այն եզակի սննդամթերքներից է, որ տարվա մեջ քիչ է փոփոխվում: Ընդհանրապես, վերջին 2-3 տարիներին գնաճի ամենաչնչին միտումն է թռնչամթերքը ենթարկվում»,- նշեց Սերգեյ Ստեփանյանը:

ՀՀ թռչնաբույծների միության նախագահն ընդունում է դիտարկումը, որ շուկայում եղել են  արհեստական դեֆիցիտի միտումներ ստեղծելու ճանապարհով որոշակի գնաճ թելադրելու փորձեր:

Սերգեյ Ստեփանյանը նաև նշեց, որ սա կանխելու համար որոշվել է, որ ձվի օրական սովորական պահանաջարկ ունեցող մեծ սուպերմարկետներից մեկին ձուն՝ 0.1 կարգով կտրամադրվի առանց միջնորդի, ինչը սկզբում զսպել է գնաճը, բայց հետո նկատել են, որ այս ձուն շատ արագ գնվում է խմորեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունների կողմից: Ի վերջո, որոշվել է ՀՀ ձու ներկրել: