Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցական համալիր

17:20 • 23.12.17

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցական համալիր:  Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պատվիրակության անդամները շրջել են համալիրով, այցելել տարածքում գտնվող առաջնորդարանի շենք, Սուրբ Պայծառակերպություն մայր տաճար և թանգարան, որն ի դեպ արդեն մեկ ամիս է այցելուներին է ներկայանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ցուցադրությունով:

Ներկայացնելով Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի գործունեությունը՝ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը նշել է, որ 2011թ-ին բացված համալիրը կարևոր դեր է ստանձնել ինչպես Մոսկվայի հայ համայնքի, այնպես էլ ռուսաստանաբնակ հայության հոգևոր կյանքի և ազգային-մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում՝ դառնալով Ռուսաստանի հայերի հոգևոր կենտրոն: 

Առանձնակի կարևորելով սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ ռուսաստանաբնակ հայության համախմբման գործում ցուցաբերվող հետևողական ուշադրության համար:

Այցի ավարտին Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նվիրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի ստեղծման 300-ամյակին նվիրված հուշամեդալ: