Ավանդական է դարձել տոնական զեղչեր հայտարարելով սպառողներին մոլորեցնելը. սպառողների շահերը ներկայացնող ՀԿ անդամներ

12:14 • 24.12.17

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը համոզված է, որ նախատոնական զեղչերի հայտարարությունները սպառողներին մոլորեցնելու համար են:

Tert.am-ի հետ զրույցում Չիլինգարյանը նշեց, որ ինչպես շատ սպառողներ, ինքը ևս, կասկած ունի, որ հայտարարված զեղչի ակցիաները ճիշտ են: «Իհարկե կասկածների տեղիք են տալիս, ցավոք ավանդական է դարձել, որ այդ «զեղչային համակարգը» ստեղծում են, բայց երբ նայում ես, տեսնում ես նույն ապրանքը մի քանի օր առաջ նույն գնին է եղել, ինչ այդ պահին զեղչի տակ է վաճառվում, փաստորեն ստացվում է, որ դրանք սպառողին մոլորեցնող հայտարարություններ են»,-ասաց նա և նշեց, որ այդ ուղղությամբ ուսումնասիրություններ անում են, սակայն դեռ հստակ որևէ բան ասել չեն կարող:

Նրա խոսքով՝ այս պահին չեն կարող ասել՝ խախտումներ կան, թե չէ։

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը ևս այն համոզման է, որ խնդիր կա: «Թեև պետք է իմանալ նախնական ինչքան է եղել, իմանաս հիմա ինչքան է, ընդհանուր առմամբ խնդիր կա, թե որ մարկետն է խաբում, որը չի  խաբում, ինչքան է խաբում դա արդեն հարկային և տեսչական մարմինները պետք է ստուգեն և ասեն՝ որտեղ ինչ է կատարվում: Հարկային մարմիններում բոլոր գները գրանցված են, թե նախնական ինչքանով են վաճառում, որովհետև հենց չեկը խփում են, իրենց մոտ երևում է, նախնական գներն իրենց մոտ ֆիքսված են, իսկ թե ինչ զեղչեր են անում, հարկային մարմիններին պետք է տեղյակ  պահեն, եթե 20 տոկոսից ավելի է, պետք է հարկային մարմիններին տեղյակ պահել, հետո  նոր զեղչել»,-ասաց նա:

Մելիտա Հակոբյանի համար զարմանալի է նույն խանութների ցանցերից մեկը հայտարարությունը, որ մինչև 100 տոկոս զեղչ կա: «100 տոկոս զեղչ լինո՞ւմ է,  դե թող սաղ ժողովուրդը գնան ձրի բան ուզեն, գնված ապրանքի հետ ինչ-որ բան տալը ձրի չէ»,-ասաց նա և նշեց, որ գնորդ գրավելու համար տարբեր մանիպուլյացիաներին են դիմում:

Իսկ թե սպառողները տրվո՞ւմ են այդ մանիպուլյացիաներին, Հակոբյանը նշեց, որ եթե խելացի  սպառող լինի, ոչ: «Կտեսնի, որ ճիշտ չի, կթողնի, հետ կգնա, միամիտ սպառողը կարող է և գնել: Այդ էլ բան է, որ համեմատում ենք 90-ականներին, 2000-ականների հետ, իհարկե սպառողական գիտակցությունը որոշ չափով բարձրացել է, բայց եթե մարդը չունի սպառողական կրթություն, փոքր ժամանակից չի կրթվել որպես լիարժեք սպառող, ոնց կարող է իր  շահերն ու իրավունքները պաշտպանել»,-ասաց նա: