Սոցցանցի օգտատերը Secret Santa խաղալով անակնկալ նվերներ է ստացել Բիլ Գեյթսից (տեսանյութ)

20:44 • 24.12.17

Ամեն տարի Microsoft ընկերության համահիմնադիր և աշխարհի մեծահարուստ անձանցից մեկը՝ Բիլ Գեյթսը, մասնակցում է Reddit կայքի օգտատերերի միջև կազմակերպվող Secret Santa («Գաղտնի Ձմեռ պապ») խաղին, որի շրջանակներում օգտատերերը զվարճալի նվերներ են ուղարկում միմյանց՝ առանց երբևէ հանդիպելու: 

Ինչպես հայտնում է The Independent-ը, անցյալ տարի համաշխարհային ճանաչում ունեցող միլիարդատերը տպավորիչ տեսախաղեր էր ուղարկել, իսկ այս տարի ինքն իրեն գերազանցել է:

Սոցկայքի օգտատերերից մեկը՝ Մեգան Քամինսը, ստացել է այն, ինչ իսկապես ցանկանում էր: Ինչպես պարզվում է, նա շատ է սիրում, կատուներին, հոգ է տանում կատուների ապաստարանների մասին:

Աղբուրի հաղորդմամբ՝ նա հսկայական տուփ է ստացել՝ Բիլ Գեյթսի լուսանկարով և հետևյալ նվերներով՝ կատվի տեսքով հսկայական փափուկ խաղալիք, 250-ական դոլարի նվիրատվություն կատուների փրկությամբ զբաղվող 3 խմբի համար, փոքրիկ զարդ՝ կատվի տեսքով, գիրք կատուների մասին, բիզնես-ձեռնարկ, Dave Matthews բենդի նկարով վերնաշապիկ և 150 դոլարի նվեր-քարտ: