Լիբիայից 10 000 փախստական օրինական ճանապարհով կտեղափոխվի Իտալիա

23:38 • 24.12.17

2018 թվականին Լիբիայից մինչև 10 000 փախստական հումանիտար միջանցքով կտեղափոխվի Իտալիա: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Իտալիայի ներքին գործերի նախարար Դոմենիկո Մինիտին:

Միևնույն ժամանակ շուրջ 30 000 ներգաղթյալ, որոնք Եվրոպայում ապաստան ստանալու իրավունք չունեն, կամավոր սկզբունքով Լիբիայից կվերադառնան հայրենիք: Նախարարի խոսքով՝ 2017-ին լիբանանյան ճամբարից հայրենի երկրներ է վերադարձել 18 000 մարդ:

Մինիտին ընդգծել է, որ դեկտեմբերի 23-ը, երբ Լիբիայից հումանիտար միջանցքով Իտալիա է ուղարկվել փախստականների առաջին խումբը, «պատմական օր» է դարձել:

Երկու ինքնաթիռով Հռոմ ժամանած 162 ներգաղթյալների շրջանում սահմանափակ հնարավորություններով մարդիկ են եղել, ինչպես նաև կանայք և երեխաներ: Նրանք Էրիթրեայի, Եթովպիայի, Սոմալիի և Եմենի ներկայացուցիչներ են: