Ընտրողների նախաձեռնող խումբը Նավալնիին առաջադրել է ՌԴ նախագահի թեկնածու
Մոսկվայում ընտրողների նախաձեռնող խումբն աջակցել է ՌԴ նախագահի պաշտոնին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թեկնածության առաջադրմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշենք, որ ՌԴ-ի նախագահի թեկնածուն կարող է առաջադրվել կուսակցության կողմից կամ մասնակցել ընտրություններին՝ ինքնաառաջադրվելով: Ինքնաառաջադրվելու դեպքում հարկավոր է հավաքել ընտրողների նախաձեռնող խումբ, որտեղ կլինի առնվազն 500 մարդ:
«Ժողովի 742 մասնակից քվեարկել է կողմ, դեմ՝ զրո, ձեռնպահ՝ զրո»,- քվեարկության արդյունքները հայտարարել է ժողովի նախագահ, Նավալնիի հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Իվան Ժդանովը:
Ժդանովը հավելել է, որ Նավալնին և նրա լիազորած անձինք պատրաստվում են ԿԸՀ ներկայացնել փաստաթղթերը դեկտեմբերի 24-ին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԿԸՀ ղեկավար Էլա Պամֆիլովան հայտարարել է, որ դատվածության ժամկետի չլրանալու պատճառով չի կարող առաջադրվել 2018 թվականի նախագահական ընտրություններին,նա կկարողանա ընտրություններին մասնակցել միայն 2028 թվականից հետո:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին, նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է դեկտեմբերի 18-ին:










