Չինաստանում մարդասպանը 12 տարի համր է ձևացել և կորցրել խոսելու ունակությունը
Չինաստանի բնակիչը, որը կասկածվում է սպանության համար, 12 տարի համր է ձևացել, ինչի հետևանքով կորցրել է խոսելու ունակությունը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2005 թվականին տղամարդը վեճի արդյունքում սպանել է իր կնոջ հորեղբորը և պատժից խուսափելու համար փախել իր գյուղից: Այնուհետև նա աշխատանք է գտել մեկ այլ պրովինցիայում, փոխել անունը, կրկին ամուսնացել և երեխա ունեցել: Այս ամբողջ ընթացքում նա համր է ձևացել, որպեսզի իրեն չբացահայտեն:
Ոստիկանությունն ուշադրություն է դարձրել տղամարդու վրա, քանի որ նա փաստաթղթեր չի ունեցել: Փորձաքննությունը համընկնումներ է բացահայտել նրա և 12 տարի առաջ անհայտ կորած կասկածյալի ծնողների ԴՆԹ-ների միջև:
Նշվում է, որ արդյունքում տղամարդը խոստովանել է հանցագործությունը: Նա իր խոստովանությունը գրել է թղթի վրա, քանի որ երկար լռությունից հետո կորցրել է խոսելու ունակությունը: Նա նաև գրել է, որ որոշել է լռել՝ պատահաբար ավելորդ տեղեկություններ չտալու համար:










