ԱՄՆ-ում ընտանիքն արդեն 34-րդ տարին զարդարում է նույն տոնածառը (լուսանկարներ)

18:49 • 26.12.17

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում բնակվող ընտանիքը 34 տարի զարդարել է նույն տոնածառը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 1983 թվականին Իրվայն քաղաքի բնակիչներ Ջինա և Ջո Միստրետան 20 դոլար են վճարել մեկ մետրանոց սոճու համար, որը վաճառվել է որպես Սուրբ ծննդյան տոնածառ: Նրանք տուն են բերել ծառը և զարդարել այն դրասանգով:

Երբ տոներն ավարտվել են, ընտանիքը որոշել է պահպանել փոքր սոճին մինչև հաջորդ տարի և ծաղկամանի մեջ դրել այն: Մեկ տարի անց նրանք կրկին զարդարել են ծառը, և ժամանակի ընթացքում սա դարձել է ավանդույթ:

Նշվում է, որ 34 տարում սոճին շատ է աճել և այժմ ավելի քան 130 կիլոգրամ է կշռում: Որպեսզի ծառը չհասնի առաստաղին, այն ժամանակ առ ժամանակ սղոցում են: Դրանից բացի, տարին մի քանի անգամ այն տեղափոխվում է նոր ծաղկաման:

Ջինան և Ջոն պատմել են, որ իրենք մտադիր են որպես ժառանգություն թողնել սոճին իրենց որդիներից մեկին: