Ֆրանսիական մանկական ամսագիրն Իսրայելը Հյուսիսային Կորեայի հետ է համեմատել (լուսանկար)

12:45 • 26.12.17

Ֆրանսիական Youpi կրթական ամսագիրը, որը նախատեսված է կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար, անօրինական պետություն է անվանել Իսրայելը և համեմատել այն Հյուսիսային Կորեայի հետ: Այս մասին հայտնում է i24news հեռուստաալիքը:

Հրապարակմանն ուշադրություն է դարձրել Ֆրանսիայում Իսրայելի դեսպան Ալիզա Բին Նունը՝ «ցնցող» անվանելով այդ արարքը և նշելով, որ այն հակասեմական տրամադրություններ է առաջացնում:

Ամսագրի նյութում ասվում է, որ աշխարհում 197 երկիր կա, որոնք ճանաչված են որպես «հանրապետություններ»: Դրանց թվին ամսագիրը դասել է Ֆրանսիան, Գերմանիան և Ալժիրը՝ նշելով, որ աշխարհի քարտեզի վրա կան նաև գոյացություններ, որոնք ոչ բոլորն են որպես «հանրապետություն» ճանաչում՝ թվարկելով Իսրայելը և Հյուսիսային Կորեան:

Ֆրանսիայի հրեական կազմակերպությունների խորհրդի նախագահ Ֆրանսիս Կալիֆան i24news-ի հետ զրույցում «քաղաքական ռեվիզիոնիզմ» է անվանել Youpi-ի հրապարակումը և հիշեցրել, որ 1948 թվականին ՄԱԿ-ն անկախ պետություն է ճանաչել Իսրայելը: Նա նաև նամակ է ուղարկել Youpi ամսագիրը հրատարակող ընկերությանը՝ պահանջելով ուղղել սխալը, ինչպես նաև հաջորդ համարում բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում Իսրայելը: