Լարսը բաց է միայն մինչև 12 տեղանոց մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված բեռնատարների թիվը հասել է 385–ի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին ժամը 08:30-ի դրությամբ հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` ԱԻՆ–ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 12 տեղանոց մարդատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար:
Նշենք, որ համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար դեռ երեկվանից ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար:
Ինչպես Tert.am–ին տեղեկացրել էին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Կազբեգի անցակետի հատվածում ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։










