Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ. ընդունվել է Երևանի սեփականությունը համարվող գույքի կառավարման կարգը

14:50 • 26.12.17

Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկման է ներկայացվել Երևանի սեփականությունը համարվող գույքի կառավարման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը: 

Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ սույն կարգը սահմանում է գույքի նպատակային և ծրագրային կառավարման հետ կապված հարաբերությունները, ներառյալ՝ գույքագրման, հաշվառման, գնահատման, համայնքային սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպման և գույքի շրջանառության հետ կապված հարաբերությունները: Զեկուցողը նաև նշել է, որ սույն կարգը նպաստում է համայնքային գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացմանը և համայնքային գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին Երևան համայնքի բյուջեի եկամուտների ավելացմանը:

Քննարկումների արդյունքում Երևան քաղաքի ավագանու անդամները հավանություն են տվել Երևանի սեփականությունը համարվող գույքի կառավարման կարգը հաստատելու մասին որոշման նախագծին:

Ավագանու այսօրվա նիստում հաստատվեցին նաև տեղական վճարների 2018 թ․ դրույքաչափերը, ըստ որի՝ Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում սահմանվեց մեկ միասնական դրույքաչափ՝ 8000 դրամ, նախկին 12 կամ 5 հազար դրամի փոխարեն։  

Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը վստահեցրեց, որ բարեփոխման արդյունքում թանկացումներ չեն լինի։  Որոշմամբ 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ։

Խորացված մասնագիտական երգեցողության ուսուցման, գործիքային բաժիններում, պարարվեստի, կերպարվեստի ուսուցման համար նախատեսվում է վճարել ամսական 8000 դրամ։ Իսկ նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողները նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար ամսական վճարում են արդեն կես գնով՝ 4000 դրամ։

Դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի նվազեցում է նախատեսվում նաև Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար տեղական վճարի դրույքաչափերի մասով։ Մասնավորապես, Երևան քաղաքի պատմության թանգարանի դեպքում դպրոցականների և ուսանողների համար նախատեսվում է 250 դրամ վճար, իսկ մեծահասակների համար 500 դրամ։ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի համար առաջին երկու խմբերը կվճարեն 300 դրամ, իսկ մեծահասակները՝ 1000 դրամ։

Ժամանակակից արվեստի թանգարանի դեպքում բոլորի համար մուտքի վճարը կլինի 500 դրամ, իսկ Կարեն Դեմիրճյանի թանգարան և Ֆ. Նանսենի թանգարան մուտքը կլինի անվճար։