Միլանում գամբիացի փախստականը մագլցել է տոնածառի վրա և փորձել հանել խաչը
Իտալական Միլանում գամբիացի փախստականը մագլցել է տոնածառի վրա՝ փորձելով հեռացնել այնտեղ տեղադրված խաչը: Այս մասին հայտնում է Il Giornale պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել անցած ուրբաթ երեկոյան՝ Կենտրոնական կայարանի դիմաց գտնվող Դուկա Դ'Աոստա հրապարակում: 21-ամյա աֆրիկացին պտտվել է տոնածառի շուրջ, այնուհետև սկսել մագլցել ծառը:
Նշվում է, որ ոստիկանները կանխել են երիտասարդի գործողությունները: Ոստիկանության աշխատակիցը հարցրել է՝ ինչու է նա փորձել անել դա, և երիտասարդը, ցույց տալով խաչը, ասել է, որ «ծառը լավը չէ»:
Ոստիկանները տարել են երիտասարդին ներգաղթյալների հարցերով զբաղվող ծառայություն՝ հնարավոր հայրենադարձության գործընթացը սկսելու համար: Սակայն պարզվել է, որ գամբիացին մշտական բնակության թույլտվություն ունի, որը տրամադրվել է նրան որպես փախստական: Դեռ անհայտ է՝ ինչ հիմունքներով է նրան տրամադրվել այս կարգավիճակը:
Ներգաղթյալն ասել է, որ իր մշտական բնակության վայրը Բրինդիզի գավառի Օստունի կոմունան է, ինչից հետո նրան հրահանգվել է ամենակարճ ժամկետում լքել Միլանը և վերադառնալ իր բնակության վայր:
Շաբաթ առավոտյան, երբ փախստականին պատրաստել են տեղափոխության համար, նա սկսել է ագրեսիա դրսևորել, և որպես նախազգուշական միջոց նրան տեղավորել են տեղական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում, որտեղ նա շարունակել է անադեկվատ պահվածք դրսևորել։










