Կրեմլում մեկնաբանել են՝ ինչու Նավալնիին թույլ չի տրվել մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին

15:11 • 26.12.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է՝ ինչու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թույլ չի տրվել մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին: Ըստ նրա՝ Նավալնիի դեպքը չի համապատասխանում օրենսդրությանը։


Նա մեկնաբանել է նաև մի շարք վերլուծաբանների կարծիքը, որոնց համաձայն՝ Նավալնիի չմասնակցելը կազդի նախագահական ընտրությունների լեգիտիմության վրա:

«Անշուշտ, թեկնածու դառնալու ցանկություն ունեցողներից մեկի չմասնակցելն այն պատճառով, որ նրա դեպքը չի համապատասխանում օրենսդրությանը, ոչ մի կերպ չի կարող ազդել ընտրությունների լեգիտիմության վրա», - մեջբերում է «РИА Новости»-ն Պեսկովի խոսքը:

Նա նաև նշել է, որ Կրեմլում «չեն կարող համաձայնել այս տեսակետի հետ»:


Հիշեցնենք, որ ՌԴ ԿԸՀ-ն Նավալնիին թույլ չի տվել մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են մարտի 18-ին։


Հայտնի հեռուստառադիոհաղորդավարուհի, ՌԴ նախագահի հնարավոր թեկնածու Քսենիա Սոբչակն առաջարկել է ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին ընտրությունների ժամանակ դառնալ իր վստահված անձը, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի իրեն որպես նախագահի թեկնածու: Սոբչակն Instagram-ի իր էջում գրել է, որ Նավալնիին ընտրություններին մասնակցել թույլ չտալը համարում է «իշխանությունների հերթական սխալն ու հրեշավոր անարդարություն»։