Վաշինգտոնն առաջարկել է Պաղեստինի մայրաքաղաք դարձնել Աբու Դիսը. ՀԱՄԱՍ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է Պաղեստինի մայրաքաղաք դարձնել Աբու Դիս քաղաքը, որն ընդհանուր սահման ունի Երուսաղեմի հետ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ մեջբերելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային:
«Վաշինգտոնն առաջարկել է Պաղեստինի իշխանություններին Աբու Դիսը Պաղեստինի մայրաքաղաք հռչակել»,- ասել է Հանիան:
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը հավելել է, որ «Վաշինգտոնի առաջարկը ներառում է Գազայի հատվածում տիրող իրավիճակի կարգավորման առաջարկներ՝ քաղաքական բարեփոխումներ իրականացնելու միջոցով»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի սկզբին ճանաչել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք և հաստատել ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:










