Ամերիկացին պատահաբար հրդեհել է տունը՝ փորձելով ազատվել սարդից

17:04 • 09.01.18

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի բնակիչը հրդեհել է իր տունը՝ փորձելով ազատվել մեծ սարդից: Այս մասին հայտնում է Buzzfeed-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդը փորձել է վառել իրեն վախեցրած գայլասարդին գազօջախի կրակայրիչով: Նրան հաջողվել է անել դա, սակայն վառվող սարդը ցատկել է ներքնակի վրա, որն անմիջապես հրդեհվել է: Կրակը տարածվել է վարագույրների, այնուհետև՝ պատի վրա կախած դրոշների հավաքածուի վրա:

Նշվում է, որ հրդեհը տարածվել է ամբողջ տան տարածքով: Բնակիչներից ոչ ոք չի տուժել, սակայն շենքն այնքան է վնասվել, որ բոլորը ստիպված կլինեն տեղափոխվել:

Հայտնի է, որ գայլասարդերը վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար: Որպես կանոն՝ նրանք չեն խայթում, սակայն նույնիսկ խայթելու դեպքում կարող է միայն կարմրածություն, քոր և աննշան ցավ առաջանալ: Այս տեսակի խոշորագույն սարդերի չափը հասնում է երեք սանտիմետրի: