Հունվարի 8-ի վթարի հետևանքով մահացած ոստիկանները եղել են ծառայության մեջ, «Ճվճվ Արոյի» որդին վարորդական վկայական չի ունեցել. ՔԿ

18:42 • 09.01.18

Հունվարի 8-ին BMW X6-ի և ոստիկանության ծառայողական մեքենայի բախման հետևանքով մահացած ոստիկանները եղել են ծառայության մեջ: BMW X6-ի վարորդ, «Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանը վարորդական իրավունք չի ունեցել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Մահացած ոստիկանները վթարի պահին գտնվել են ծառայողական պարտականությունները կատարելու մեջ, նրանք իրականացրել են գիշերային հերթապահություն»,-ասաց Սոնա Տռուզյանը:

Ինչ վերաբերում է BMW X6-ի վարորդի վարորդական իրավունքի վկայական ունենալու հարցին, Սոնա Տռուզյանն ասաց, որ նա վարորդական իրավունք չի ունեցել. «Ճանապարհային ոստիկանության կողմից Սարգիս Վարդանյանը 2014թ. մեկ տարի ժամկետով զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից, ինչից հետո նրա կողմից վարորդական իրավունքը կրկին վերականգնելու մասին տվյալներ վարույթն իրականացնող մարմնին հայտնի չեն»:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին: Բախվել էին BMW X6 մակնիշի և ՃՈ-ին պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանները, ինչի հետևանքով    «Տոյոտա»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը մահացել էր, որոշ ժամանակ անց մահացել էր նաև ՃՈ մյուս ծառայողը՝ Խաչիկ Գասպարյանը: BMW X6-ի դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ նրա  2 ուղևորները մարմնական վնասվածքներ են ստացել:

Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նշենք, որ ՔՕ-ի 242-րդ հոդվածը սահմանում է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, իսկ 244-րդ հոդվածը սահմանում է՝
ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը:

«Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանը հայտնաբերվելուց հետո ձերբակալվել է: