Եթե զինվորը թեթև վիրավորում է ստացել, չարժե հայտնել և իզուր լարվածություն մտցնել. Վահան Բադասյան

21:44 • 09.01.18

Արցախցի հրամանատար, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը Tert.am-ի հետ զրույցում տրամաբանական և ճիշտ համարեց, որ վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ պետք է հայտնել:

«Կարող է ամեն տեղ 15 հոգու մատը կտրվի, կամ փուշ մտնի, կամ փայտը ընկնի ոտքին, հիմա ի՞նչ պարտադիր է դա հաղորդել»,-ասաց նա:

Վահան Բադասյանը կարծում է նաև, որ եթե նույնիսկ հակառակորդի կրակից է զինվորը թեթև վիրավորում ստանում, դա ևս չպետք է հրապարկել, դրա կարիքը չկա:

«Եթե թեթև քերծվածք է ստացել, իսկ թեթևն այն է, որ կյանքին վտանգ չի սպառնում, երբեմն նույնիսկ չի հոսպիտալացվում զինվորը, ես գտնում եմ՝ չարժե իզուր տեղը լարվածություն մտցնել և հայտնել»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է զինծառայողների վիրավորվելու դեպքերի մասին տեղեկատվություն տրամադրելու հարցին՝ նշելով, որ այդ տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել:

Վահան Բադասյանն ասաց, որ դա ավելորդ լարվածության պատճառ կարող է դառնալ: «Կարծում եմ, որ նման խնդիրները բանակի թափանցիկության վրա չեն ազդում: Եթե օրինակ բանակում գողություն է կատարվում, և չի խոսվում դիտավորյալ գողությունների մասին, այլ խոսվում է այն մասին, որ ճաշարանի սեղանից մի կտոր միս հանկարծակի ընկավ, դա ծիծաղելի է: Պետք չէ այդ աստիճան մանրանալ, մանավանդ բանակի հարցում»,-ասաց նա:

Նա օրինակ բերեց, որ ադրբեջանցիները քրեականացրել են որևէ լուր հայտնելը զոհվածի կամ վիրավորի վերաբերյալ:

«Դա չնայած վատ է, բայց իրենց համար մի լավ կողմ ունի, որ մենք՝ որպես հակառակորդ, լուր չունենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Ադրբեջանը իմանում է մեր յուրաքանչյուր կորստի մասին` որ ուղղությամբ, որտեղ և դրան գումարած իմանա թեթև վիրավորվածնե՞րը, այդպես չի կարելի»,-ասաց նա և նշեց, որ վիրավորների մասին չհայտնելով՝ բանակի նկատմամբ վստահությունը չի կորում:

Ինչ վերաբերում է հարցին, թե գտնո՞ւմ է, որ այսօր բանակն ավելի բաց է, նա ասաց, որ եթե շարունակվեն կադրային փոփոխությունները, այսինքն՝ բանակի համար ոչ պիտանի կադրերը կամաց-կամաց դուրս մղվեն, օրեցօր բանակի նկատմամբ վստահությունը կավելանա:

«Այսօր բանակը միակ կառույցն է, որ կատարում է իր խնդիրը, այսինքն՝ ապահովում է բնակչության անվտանգությունը արտաքին թշնամիներից»,-ասաց նա: