Հայտնի է դարձել պատմության մեջ ամենահարուստ մարդը

23:58 • 09.01.18

Ամերիկյան CNN հեռուստաալիքը Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին ճանաչել է որպես պատմության ամենահարուստ մարդ:

Bloomberg գործակալության կազմած միլիարդատերերի վարկանշային աղյուսակի համաձայն՝ վերջինիս կարողությունը 2018-ի հունվարի 9-ի դրությամբ գնահատվում է 105 մլրդ դոլար: Այս առումով նա գերազանցել նախորդ ռեկորդի հեղինակին՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին, որի կարողությունը 1999-ին գնահատվել է 100 մլրդ դոլար:

Բեզոսի կարողության աճը պայմանավորված է Amazon-ի բաժնետոմսերի արժեքի բարձրացմամբ, որը 2018-ի առաջին օրերին ավելացել է 6.62 տոկոսով: Մեկ բաժնետոմսի արժեքը կազմել է 1300 դոլար:

Forbes հեղինակավոր հանդեսն, իր հերթին, Բեզոսի կարողությունը գնահատել է 104.4 մլրդ դոլար:

Բեզոսն Amazon ընկերությունը հիմնադրել է 1994-ին, իսկ 2016 թվականին ընկերության շրջանառությունը կազմել է շուրջ 136 մլրդ դոլար: Amazon-ի բաժնոտոմսերից բացի Բեզոսին են պատկանում The Washington Post թերթը և Blue Origin ընկերությունը, որը զբաղվում է տիեզերանավի մշակմամբ: