Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպման մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելու փաստով քրեական գործ է հարուցվել

14:36 • 10.01.18

ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ֆուտբոլի առաջնության Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպման փաստով ՀՀ Ազգային անվտանգություն ծառայությունում հարուցվել է քրեկան գործ` Քր. օր-ի 201 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) հատկանիշներով:

Գործն ուղարկվել է  ՀՀ քննչական կոմիտե, որտեղից էլ՝ Լոռու մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

Այս մասին  Tert.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի խորհդական Սոնա Տռուզյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնել է իրավապահ մարմիններին, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացել է ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ֆուտբոլի առաջնության Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպումը, որն ավարտվել է 5։0 հաշվով։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտնել է նաև, որ հանդիպման՝ պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։

Այդ ամենից հետո առաջացել են կասկածներ, որ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով չի բացառվում, որ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել են կաշառք ստանալու առաջարկներ։