Կալիֆորնիայում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղից մահացել է 13 մարդ, կան անհայտ կորածներ (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղատարափ անձրևները, որոնք ցեխային հոսքերի ու ջրհեղեղի պատճառ են դարձել, խլել են 13 մարդու կյանք։ Այս մասին հայտնել է Սանտա Բարբարա շրջանի շերիֆ Բիլ Բրաունը, գրում է Los Angeles Times-ը:
Ընդ որում՝ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:
Նշվում է, որ տուժածների թիվն առնվազն 25 է, մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Կալիֆորնիայում տեղատարափ անձրևները սկսվել են անտառային հրդեհներից ընդամենը մի քանի շաբաթ անց, ինչն էլ նպաստել է այրված հատվածներում սողանքների ու ջրհեղեղի առաջացմանը:
Տեղի իշխանությունները ստիպված են եղել տարհանել Կալիֆորնիայի 21.000 բնակչի, փրկարարական ծառայությունները շարունակում են ստանալ անհայտ կորածների մասին բազմաթիվ ահազանգեր:










