Գերակշռողը սուր շնչառական վարակներով հիվանդներն են՝ հատկապես փոքր տարիքային խմբերում. տվյալներ բուժհաստատություններից

14:58 • 10.01.18

«Արաբկիր» բժշկական կենտրոնի Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում այս պահին գտնվում է 20 հիվանդ վիրուսային վարակներով հիվանդացությամբ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բաժանմունքի ղեկավար Գոհար Ձվակերյանը:

«Տարբեր վիրուսային վարակներ են, ավելի գերակշռողը սեզոնային ռինովիրուսներն են: Թոքաբորբեր էլ կան, բայց չեմ կարող ասել, որ ինչ-որ գերակշռող քանակով, ինչպես որ ցանկացած վիրուսային վարակ կարող է ականջի բորբոքում էլ տալ, կարող է թոքաբորբ էլ լինել»,-ասաց նա ՝ավելացնելով, որ այս ախտորոշումներով տարբեր տարիքի երեխաներ են ընդունվել բուժհաստատություն՝ 1 տարեկանից մինչև 10, 12 տարեկան:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, օրական մշտադիտարկման արդյունքներով հիվանդության աճ արձանագրվել է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում։ Դրանով է բացատրվում Երևանի մանկական հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը:

Գոհար Ձվակերյանի խոսքով հիվանդները հիմնականում դիմում են հիվանդացության երկրորդ, երրորդ օրը, երբ տանը միջոցառումներ կատարելուց հետո դրական դինամիկա չի նկատվում:

Նա նշեց նաև, որ թեև դիմելիությունը ավելացել է, բայց բուժհաստատությունում ծանրաբեռնվածության խնդիր չկա:

«Տոներից հետո այս վերջին երկու-երեք օրը անգամ կարող եմ ասել, որ մի քիչ պակասել է դիմելիությունը»,-ասաց նա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Անուշ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կա սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի որոշակի աճ, թեև թվային տվյալներ չնշեց, թե որքան հիվանդ ունեն բաժանմունքում:

«Իհարկե հասցնում ենք բոլորին բուժօգնություն տալ: Ամեն ինչ էլ լինում՝ սուր շնչառական վարակներ, և բրոնխիտ, և թոքաբորբ: Դե իհարկե ավելի ռիսկային են փոքրերը: Մենք ընդունում ենք 3 ամսականից բարձր երեխաների, մինչև հինգ տարեկան»,-ասաց նա:

Նա նշեց, որ ծնողները բուժհաստատություն դիմում են ժամանակին: Մասնագետը հորդորեց բոլորին զերծ մնալ ինքնաբուժությամբ զբաղվելուց:

Նշենք, որ ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայում հանրապետության բոլոր ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ, որոնց մեծամասնությունը 0-2 տարեկան երեխաներ են: Հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերի ընթացքում բնակչության ակտիվ շփումներով: