Նազարբաևը հանդես է եկել «թվային դարաշրջանի» արդյունաբերության ստեղծման օգտին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի առանցքային առաջնահերթություններից մեկն է անվանել տնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրումը՝ նախևառաջ արդյունաբերականացման ծրագրի շրջանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արդյունաբերականացումը պետք է դառնա նոր տեխնոլոգիաների ներդրման դրոշը: Ճգնաժամային համարվող 2014-2015 թվականներին հենց դրա արդյունքները դարձան հիմնական կայունացնող գործոններից մեկը, երբ նավթի գները կտրուկ անկում գրանցեցին»,- հայտարարել է նա՝ երկրի ժողովրդին հղած իր ամենամյա ուղերձում:
Նրա կարծիքով՝ «արդյունաբերականացումը պետք է դառնա ավելի նորարարական՝ օգտագործելով 4.0 նոր տեխնոլոգիական կարգի բոլոր առավելությունները»:
«Անհրաժեշտ է մշակել և փորձել նոր գործիքներ՝ ուղղված մեր ձեռնարկությունների արդիականացմանը և թվայնացմանը»,- հավելել է Ղազախստանի նախագահը:
«Հարկավոր է իրականացնել մի քանի ղազախական արտադրական ձեռնարկությունների թվայնացման պիլոտային նախագիծ, իսկ այնուհետև այդ փորձը լայնորեն տարածել»,-հավելել է նա:










