Հայաստանը ձեռք կբերի՞ Սու-30 կործանիչներ. տարածաշրջանային անվտանգության փորձագետի վերլուծությունը

10:36 • 10.01.18

The Central Asia-Caucasus Institute-ի (CACI) կայքում տարածաշրջանային անվտանգության փորձագետը փորձել է ենթադրել, թե ինչ ռազմական տեխնիկա ձեռք կբերի Հայաստանը Ռուսաստանի կողմից տրամադրվող նոր ռազմական վարկի շրջանակում:


Էդուարդ Աբրահամյանը հիշեցնում է, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է հայ-ռուսական 100 միլիոն դոլարի «պետական արտահանման վարկը»: Հոկտեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը թույլ կտա Երևանին Ռուսաստանի արտադրած զինատեսակներ ձեռք բերել «Ընդհանուր պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիրն» իրականացնելու համար:


Սա Մոսկվայի կողմից տրամադրված երկրորդ ծրագրային ռազմական վարկն է Հայաստանին՝ 2015 թվականին համաձայնեցրած 200 միլիոն դոլարի վարկից հետո:


Ռուսաստանի նոր վարկը նախատեսված է Երևանին թույլ տալ շարունակել 2011 թվականից ի վեր իրականացվող ռազմական տեխնիկայի հետևողական գնումները՝ փորձելով թույլ չտալ Ադրբեջանին ռազմատեխնիկական գերակայություն հաստատել:


Հայաստանն աշխատում է հնացած սարքավորումներից իր կախվածությունը վերացնելու ուղղությամբ: Անկախությունից ի վեր Ռուսաստանի օգնությունն առանցքային է եղել ցամաքային ուժերի հին համակարգերի  պահպանության համար՝ մշտապես տրամադրելով անհրաժեշտ պահեստամասեր և տեխնիկական աջակցություն, ինչպես նաև վերապատրաստելով տեխնիկներին: Այժմ ռազմատեխնիկայի համար տրամադրվող վարկերը թույլ կտան Հայաստանին վերափոխել հնացած սարքավորումները, և հետևաբար՝ դրանք Հայաստանի պաշտպանության քաղաքականության առաջնահերթություն են համարվում:


Նոյեմբերի 15-17-ին 2018 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը որոշ մանրամասներ է բացահայտել առաջիկայում ակնկալվող սարքավորումների ձեռքբերման առաջնահերթությունների վերաբերյալ:


Ինչ վերաբերում է առաջիկա գնումներին՝ Նահապետյանն ընդգծել է ՀՀ զինված ուժերը համապատասխան շարժական հրետանիով, հակաօդային պաշտպանության միջոցներով և ավիացիոն ռեսուրսներով զինելու անհրաժեշտությունը: Նրա խոսքերը տեղիք են տվել ենթադրությունների, որ Հայաստանը ձգտում է ձեռք բերել Սու-30ՍՄ կործանիչները: Այս մարտական ինքնաթիռների ձեռքբերման մասին դեռևս առաջարկել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, բայց այդ հարցը սառեցվել էր 2016 թվականի ապրիլյան դեպքերի պատճառով:


Փորձագետի կարծիքով, սակայն, մարտական ուղղաթիռների ձեռքբերումն, այնուամենայնիվ, առաջիկա տարիներին ավելի իրատեսական է՝ հաշվի առնելով, որ Սու-30ՍՄ ինքնաթիռների գործառնական նպատակահարմարությունը կասկածելի է Հայաստանի երկնքում:


Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ առանցքային խնդիրը Հայաստանի զինված ուժերը պատշաճ կերպով վերազինելն է միջոցներով, որոնք տալիս են մեծ ճշգրտության հնարավորություն: Փորձագետը եզրակացնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կենտրոնացած է ավելի շատ որակի, քան քանակի վրա, և կձգտի ձեռք բերել համեմատաբար ժամանակակից սպառազինություն: